Մատչելի հղումներ

Դեմոկրատները վստահ են, որ Քլինթոնի դեմ մեղադրանքներ չեն ներկայացվի


Վաշինգտոնում թեժ քննարկումների ևս մեկ ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ դեմոկրատների նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ ավելի քան երեք ժամ քննարկել է՝ որպես պետքարտուղար իր ուղարկած գործնական էլեկտրոնային նամակների հարցը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյում շաբաթ օրը էլեկտրոնային նամակների շուրջ Քլինթոնի քննարկումները կամավոր էին: Քլինթոնը փորձում է հակադարձել այս խնդրի շուրջ տարվող անվերջանալի թվացող քննարկումները:

«Ես բազմիցս ասել եմ, եթե կարողանայի հետ վերադառնալ, ապա ուրիշ կերպ կվարվեի: Գիտեմ, որ մարդիկ մտահոգված են»:

Հանրապետականների նրա հավանական հակառակորդ Դոնալդ Թրամփը Թվիթթերի իր էջում գրել էր՝ «Անհնար է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն նրա դեմ քրեական մեղադրանք ներկայացնելու առաջարկ չանի: Այն ինչ նա արել է, սխալ է եղել»:

Սակայն Քլինթոնի համախոհները, ինչպես սենատոր Շերրոդ Բրաունը, այլ կարծիք ունեն:

«Մեղադրական եզրակացություն չի լինի, ինչը նշանակում է, որ նա արել է այն, ինչը արել են բազմաթիվ այլ պետքարտուղարներ»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյում Քլինթոնի հետ անցկացված հարցազրույցից առաջ էր հանդիպել էին էլեկտրոնային նամակների հետաքննության գործով պատասխանատու, գլխավոր դատախազ Լորետտա Լինչը և Հիլարի Քլինթոնի ամուսին՝ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը։

«Անշուշտ իմ հանդիպումը Բիլ Քլինթոնի հետ մտահոգությունների պատճառ է դարձել ու մի շարք հարցեր վեր հանել: Ես միանշանակ դա կրկին չէի անի: Սակայն դա իսկապես հասարակական հանդիպում էր»,- ասել է Լորետտա Լինչը:

Վաշինգտոնում ընդունված օրենք է, որ խելամիտ պաշտոնյաները խուսափում են նույնիսկ չնչին անպատշաճ դրվագներից: Թրամփն ու հանրապետականները պնդում են, որ այս հանդիպումը ապացուցում է, որ Օբամայի արդարադատության նախարարությունը չի կարող արդար հետաքննություն անցկացնել մեկի նկատմամբ, ում նախագահը ընտրություններում իր աջակցությունն է հայտնել:

Սակայն Սպիտակ տունը պնդում է, որ իրենք այս հարցում որևէ միջամտություն չեն ցուցաբերում և համոզված են, որ այս հետաքննությունը մյուսներից ոչնչով չի տարբերվի:

XS
SM
MD
LG