Մատչելի հղումներ

Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հիմնական կասկածյալը Ահմեդ Չաթաևն է


Թուրքիայի ամենամեծ՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում երեքշաբթի օրը երեք ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման արդյունքում 44 մարդ էր զոհվել, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ հարձակման պատասխանատվությունը կրում է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը։

Ինչպես հինգշաբթի օրը արևմտյան լրատվական գործակալություններն են հաղորդել, վկայակոչելով բարձրաստիճան թուրք մի պաշտոնյայի, երեք մահապարտները Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ են եղել։

Ահաբեկիչների ինքնությունը չի հրապարակվում, սակայն թուրքական լրատվամիջոցները նշում են հյուսիսկովկասյան ծագումով ռուսաստանցի երկու քաղաքացիների մասին։

Թուրքիայի իշխանամետ ՝՝Yeni Safak՛՛ թերթը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ահաբեկչության կազմակերպիչը ենթադրաբար Ռուսաստանի Հյուսիսային Կովկասից չեչեն Ահմեդ Չաթաևն է։

Ըստ չեչենական իսլամիստական կազմակերպությունների, Չեչնիայի Վեդենո գյուղում ծնված Չաթաևը եղել է ինքնահռչակ Կովկասյան Էմիրության առաջնորդ, հանգուցյալ Դոքու Ումարովի վստահված անձը։

2001 թվականին, լքելով Ռուսաստանը, Չաթաևը ապաստան է խնդրել Ավստրիայում, 2003 թվականին՝ ստացել այս երկրի քաղաքացիություն։ Ավստրիական անձնագրի շնորհիվ նա ազատ տեղաշարժվել է Եվրոպայում և այլուր։

Ռուսաստանի անվտանգության ծառայությունների պահանջով 2010 թվականին նա ձերբակալվել է Ուկրաինայում, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։ 2011 թվականին նրան ձերբակալել են Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին։ Նա բողոքարկել է կալանավորումը, և դատարանի կարգադրությամբ ազատ արձակվել՝ համաձայն Փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի։

՝՝Ազատ Եվրոպա/Ազատություն՛՛ ռադիոկայանի հաղորդմամբ, Չաթաևը 2010-ից 2012 թվականներին բնակվել է Վրաստանում, 2013 թվականին Վրաստանի Լոպոտայի կիրճում՝ մասնակցել չեչենական իսլամիստական խմբավորման և վրացական անվտանգության ուժերի միջև փոխհրաձգությանը։

Չաթաևը վիրավորվել և ձերբակալվել է, սակայն կարճ ժամանակ անց ազատ է արձակվել դատարանի որոշումով:

"Կովկասյան հանգույց" ռուսաստանյան անկախ լրատվական գործակալության տվյալներով, 2012-ից 2015 թվականների ընթացքում Չաթաևը ապրել է Թուրքիայում, որտեղ անմիջաբար շփվել է իսլամիստ հրամանատար Թարխան Բաթիրաշվիլի, նույն ինքը՝ Ումար ալ-Շիշանիի հետ։

2015 թվականի փետրվարին Չաթաևը հայտնվել է Սիրիայում նկարահանված YouTube-յան տեսանյութում, որտեղ հանդես է գալիս որպես ՝՝Յարմուք՛՛ իսլամիստական, ռուսախոս գումարտակի հրամանատար։

2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը Ահմեդ Չաթաևին ներառել է միջազգային ահաբեկիչներ ճանաչված անձանց ցուցակում։

Թեև Թուրքիայի անվտանգության ծառայությունները դեռևս չեն հաստատել Չաթաևի ենթադրյալ մասնակցությունը Ստամբուլի ահաբեկչությանը, փորձագետները մեծ հավանականությամբ նրան են համարում որպես հարձակման կազմակերպիչ։

՝՝Yeni Safak՛՛ թերթը հաղորդել է, որ մահապարտներից մեկը Դաղստանից Ռուսաստանի քաղաքացի Օսման Վադինովն է եղել։

Թուրքական ՝՝Hurriyet՛՛ պարբերականը նույնպես գրել է, որ ահաբեկիչներից մեկի անունը Օսման Վադինով է, ով ժամանել էր Սիրիայում ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման փաստացի մայրաքաղաք Ռաքայից՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Սակայն ըստ ՝՝Hurriyet՛՛-ի՝ Վադիմովը ծնունդով Չեչնիայից է, այլ ոչ՝ Դաղստանից։

Դաղստանցի ազգագրագետ և քաղաքական վերլուծաբան Աբդուռաշիդ Սայիդովի խոսքերով, "Վադինով ազգանունը դաղստանյան կամ չեչենական ծագում չունի։

Դաղստանի խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած ռուսաստանցի հայտնի լրագրող Յուլիա Յուզիկը նույնպես նշել է, որ Օսման Վադինովը դաղստանցի չէ։

"Վադինով" ազգանունը տարածված է Ղազախստանի Ալմաթի թաղամասում և Բուլղարիայում։ Սակայն եթե, ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման, Թուրքիայի անվտանգության ծառայությունները ահաբեկչին բացահայտել են անձնագրով, ապա հարց է ծագում՝ արդյոք անձնագիրը իրական, թե կեղծ է եղել։ Կեղծ անձնագրի դեպքում, ըստ փորձագետների, հետքերը, այնուամենայնիվ, տանում են Դաղստան։

Դաղստանում թուրքական սալաֆիական մի քանի հազարանոց հզոր համայնքի աղբյուրների համաձայն, "Ոչ ոք երբևէ չի լսել Օսման Վադիմով անունով որեւէ մեկի մասին"։

XS
SM
MD
LG