Մատչելի հղումներ

Եզդիական գերեզմանատները հայտնվել են ոչնչացման վտանգի առջեւ


Իրաքի հյուսիսում “Դաեշ”-ի կողմից հնարավոր ցեղասպանության մասին վկայող եզդիական զանգվածային գերեզմանները հայտնվել են ոչնչացման լուրջ վտանգի առջև, հաղորդում են եզդիական աջակցության խմբերը։

Խնդիրը հայտնվել է խմբերի ուշադրության կենտրոնում Սինջարի եղբայրական գերեզմանի շուրջ բռնկված հրդեհից հետո։ Ըստ տեղեկությունների՝ գերեզմանավայրում հանգչում են երկու տարի առաջ իսլամիստների կողմից կոտորված եզդի անդամների աճյունները։ Քուրդ պաշտոնյաների հավաստմամբ՝ կրակը հաջողվել է մարել նախքան գերեզմաններին հասնելը, սակայն եզդիական համայնքի շուրջ մտահոգությունները շարունակում են աճել։

Ավելի վաղ “Human Rights Watch” կազմակերպությունը դիմել էր Իրաքի և քրդական իշխանություններին` գերեզմանավայրերը պաշտպանելու խնդրանքով։ Խումբը ֆինանսական աջակցության համար դիմել է նաև միջազգային փորձագետներին և դոնորներին։

"Սինջար լեռան գերեզմանավայրերի պահպանումը էական է հանուն զանգվածային սպանությունների զոհ դարձած եզդիների արդարության", նշվում է Մերձավոր Արևելքի հարցերով կազմակերպության փոխտնօրեն Ջո Ստորքի հայտարարության մեջ։ "Քրդական իշխանությունները պարտավոր են պահպանել այդ ապացույցները", ասում է նա։

Ըստ եզդիական աջակցության խմբերի՝ իսլամիստներին դուրս մղելուց ամիսներ անց տեղանքը դեռևս մնում է անպաշտպան։

Աջակցության խմբերի հաղորդմամբ՝ զանգվածային գերեզմանների շուրջբոլորը ոսկորներ են թափված, որոնք քայքայվում են եղանակի պատճառով, ինչպես նաև մարդկանց և կենդանիների կողմից։ Բացի այդ, կենդանիների կողմից տեղահանված մարդկային ոսկորներ են հայտնաբերվում նույնիսկ գերեզմանավայրերից մի քանի կիլոմետր հեռու։

"Եզդի ժողովրդին անասելի ցավ է պատճառում այս ամենը", ասում է իրաքցի երեխաների և ահաբեկչության զոհերի բուժումն իրականացնող գերմանական կազմակերպության ղեկավար՝ ազգությամբ եզդի Միրզա Դինային։

"Իսլամիստ զինյալները այս մարդկանց սպանելուց հետո նրանց մարմինները հողին չեն հանձնել ինչպես հարկն է, այլ պարզապես ծածկել են ցեխի բարակ շերտով, որը հեշտությամբ բացվում է", նշել է նա։

Վերջերս գերեզմանավայրեր այցելած Դինային պատմում է, որ հարյուրավոր եզդիների աճյուններ պարունակող Սինջարի 25 եղբայրական գերեզմանները լքված են և գրեթե չեն պահպանվում Իրաքի իշխանությունների կողմից։ Երբեմն բնակիչները կամ տեղական իշխանությունները փորձում են նույնականացնել զոհերի մարմինները և հանձնում են ընտանիքներին` թաղելու։

Դինայիի խոսքերով՝ քրդական կառավարությունը և միջազգային հանրությունը հրատապ քայլեր պետք է ձեռնարկեն, քանի դեռ գերեզմանավայրերը հնարավոր է վերականգնել։

Սակայն Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը ծանր ֆինանսական կացության մեջ է և չունի զանգվածային գերեզմանները պահպանելու անհրաժեշտ փորձառություն, ասում է Դինային։ Իսկ միջազգային կազմակերպությունները աշխատանքի համար ցանկանում են վարձատրվել։

Ըստ քուրդ պաշտոնյաների՝ իրենք պահպանում են այն վայրերը, որոնք արդեն “Դաեշ”-ի հսկողությունից դուրս են, սակայն անվտանգության և ֆինանսական խնդիրները խոչընդոտում են իրենց ջանքերը։

Եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանության ճանաչման հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ Քաիմ Հասունիի խոսքերով՝ հրդեհի միջադեպը հանձնաժողովի և կառավարության համար անհապաղ քայլեր ձեռնարկելու ահազանգ էր։

Հասունը նշել է, որ հանձնաժողովը աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ՝ գերեզմանավայրերի պահպանման հարցերով մի խումբ քրդերի վերապատրաստման ուղղությամբ։ Սակայն միջազգային չափանիշներով փորձագետների խումբ կազմելը թանկարժեք և ժամանակատար գործընթաց է կառավարության համար։

Հանձնաժողովը որոշել է Ռամադանից հետո իր ուժերով հավաքել ոսկորներն ու աճյունների մնացորդները և պարսպապատել գերեզմանավայրերը։

XS
SM
MD
LG