Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումը մեծ մտահոգության առարկա է դարձել


ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ դժվարանում է դատել՝ արդյոք Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումները հաջողությամբ են պսակվել, թե՝ ոչ։ Սակայն խոստովանել է, որ արձակված երկու հրթիռներից մեկը բավական երկար է թռել նախորդ փորձարկումների համեմատ։

Ըստ ռազմական պաշտոնյաների, մի քանի անհաջող փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը միջին հեռահարությամբ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քարթերը նշել է, որ անկախ փորձարկումների արդյունքներից՝ անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել պաշտպանությունը Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում։

Հունվարին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային հինգերորդ փորձարկումից, ապա և տիեզերական հետազոտությունների ծրագրի քողի ներքո բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան պաշտոնական քննարկումներ են սկսել Հարավային Կորեայում նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման շուրջ։

Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալներով՝ չնայած Չինաստանի առարկություններին, հակահրթիռային համալիրի տեղակայման ծրագիրը վաղաժամկետ կսկսվի, որի վերաբերյալ շուտով հայտարարություն կարվի։

Չորեքշաբթի օրը արձակված երկու հրթիռներից առաջինը 3 հազար կիլոմետրը գերազանցող հեռահարությամբ հրթիռի հինգերորդ անհաջող փորձարկումն էր վերջին երկու ամսվա ընթացքում։ Նման հրթիռը տեսականորեն կարող է հասնել Ճապոնիայի ցանկացած հատված և Գուամի ամերիկյան տարածք։

Ավիատիեզերքի փորձագետ Ջոն Շիլինինգի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի նպատակն էր ցույց տալ հրթիռային համակարգի ողջ ներուժը՝ միևնույն ժամանակ խուսափելով Ճապոնիայի վրայով թռիչքից։

Սակայն նա նշել է, որ երկրորդ հրթիռի հաջող թռիչքը բարեդիպության հարց է, այլ ոչ՝ իրական առաջընթացի։

"Եթե նրանք հիրավի ցանկանում են որակյալ զենք մշակել, ապա պետք է լրջորեն ուսումնասիրեն անհաջողության պատճառները։ Այլապես, եթե նպատակը զուտ մեծ աղմուկ ստեղծելն էր, ապա նրանք կարող են համարել, որ հաջողության են հասել և այլևս անհաջող փորձեր չկատարեն", ասել է նա։

XS
SM
MD
LG