Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ամրացնել անդամների պաշտպանությունը


Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման շուրջ բանավեճերին նոր ուժ հաղորդեց դաշինքին Մոնտենեգրոյի անդամակցումը: Մակեդոնիան, որը նույնպես անդամակցության ճանապարհին է, հայտարարում է որ ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանք չունի:

«Որքան ավելանա ՆԱՏՕ-ի ներկայությունը հարավարեւելյան Եվրոպայում, այնքան բարգավաճ եւ կայուն կլինեն Բալկանները», - ասում է Մակեդոնիայի պաշտպանության նախարար Զորան Յոլեվսկին:

Ընդլայնվելու հեռանկարներից բացի գագաթաժողովի հաջորդ կարեւոր հարցն է լինելու Բալթյան պետություններում, Լեհաստանում եւ Ռումինիայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացումը: Դաշինքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քըրթ Ուոքերի կարծիքով՝ դա արդեն լուրջ քայլ է:

«Դա ազդանշան է բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր անդամներին: Դա շատ կարեւոր է, հատկապես այն փաստը, որ դաշինքն ավելացնում է իր ներկայությունը նույնիսկ՝ նվազող ֆինանսական միջոցների պայմաններում: Սա շատ կարեւոր քայլ է», - նշել է Քըրթ Ուոքերը:

Դաշինքի Արեւմտյան սահմանին տեղադրվող ՆԱՏՕ-ի ուժերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընկալվում են որպես վտանգ, համոզված են վերլուծաբանները:

«Նրա նպատակն է կրկին հետ մղել ՆԱՏՕ-ն, պառակտել Եվրոպան, պառակտել ՆԱՏՕ-ն, ստիպելով դաշինքին հրաժարվել Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող անդամներին պաշտպանելուց եւ շատ կարեւոր է, որ ՆԱՏՕ-ն դա թույլ չի տալիս», - ասում է վերլուծաբան Քըրթ Ուոլքերը:

Ի պատասխան ՆԱՏՕ-ի ներկայության աճին, Ռուսաստանը հայտարարել է, որ նախատեսում է մինչ տարվա վերջ իր Արեւմտյան սահմաններում 30,000 հավելյալ զինվոր տեղադրել:

XS
SM
MD
LG