Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան սգում է խորհրդարանի անդամի սպանության համար


Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի Ուեսթ Յորքշիր քաղաքում հրազենային վնասվածքից և դանակի բազմաթիվ հարվածներից սպանվել է երկրի խորհրդարանի անդամ Ջո Քոքսը: Մոտ հիսուն տարեկան մի մարդ հարձակում է գործել Լեյբորիստական կուսակցության անդամ Ջո Քոքսի դեմ այն փողոցում, որտեղ վերջինս պատրաստվում էր հանդիպել իր ընտրողների հետ։ Նրա մահը ժամանակավորապես կասեցրել է հաջորդ շաբաթ սպասվող հանրաքվեի քարոզարշավը, որի արդյունքում Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Եվրամիությունից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը ողջունել է հունիսի 23-ին հանրաքվեի քարոզչության կասեցման որոշումը։ Հինգշաբթի օրը խոսելով Ջիբրալթարից՝ Քամերոնը ցավակցություն է հայտնել Քոքսի ընտանիքին և հայտնել, որ կասեցնում է իր սեփական քարոզարշավը Իսպանիայի հարավային ափի բրիտանական տարածքում։

"Մենք մեծ կորուստ կրեցինք: Մենք կորցրինք մի պատգամավորի, ով չափազանց նվիրված էր իր գործին: Սա սահմռկեցուցիչ դեպք է: Հանրաքվեի քարոզարշավի դադարեցումը ճիշտ որոշում է, քանի որ այս ծանր պահին բոլորը մտքով Ջոյի ընտանիքի և նրա համակիրների կողքին են":

Երկու երեխաների մայր, 41-ամյա Քոքս եվրոպական դաշինքում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը շարունակելու կողմնակից էր։ Նա նաև Եվրոպայում սիրիացի փախստականների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու քարոզչություն էր իրականացնում։ Դեռևս պարզ չէ, արդյոք հարձակումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել, թե՝ ոչ։ Ոստիկանությունը լարված հետաքննություն է սկսել։
Ինչպես ոսիկանության պաշտոնատար անձինք են ասում, "Քննությունը դեռևս վաղ փուլում է, ուստի այս պահին դեռևս իրավունք չունենք քննարկելու որևէ շարժառիթ"։

Հարձակման առնչությամբ 52-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Քոքը, ըստ հաղորդագրությունների, վախճանվել է հիվանդանոց տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց։

Քոքսն իր ընտրողների շրջանում մեծ համբավ էր վայելում։

XS
SM
MD
LG