Օրլանդոյում վայրէջք կատարելուն պես՝ նախագահական ինքնաթիռից իջավ բոլորովին այլ Օբամա: Ոչ թե գլխավոր հրամանատար, այլ՝ գլխավոր ամոքող եւ սփոփող: Միացյալ Նահանգների նախագահին այսպիսին տեսել են միայն ողբերգական պահերին՝ Վիրջինիայում, Սան Բերնարդինոյում եւ այժմ էլ՝ Օրլանդոյում զանգվածային սպանություններից հետո:
Զոհվածների ընտանիքների եւ վիրավորների հետ մասնավոր հանդիպում անցկացնելուց հետո, Օբաման հանրային ելույթում անդրադարձել է ահաբեկչության եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելության դեմ պայքարին.
«Աշխարհն անհնար է կիսել «մեր» եւ «նրանց» միջեւ, անընդունելի է մարդկանց խմբերի նկատմամբ ատելություն սերմանել նրանց մաշկի գույնի, հավատքի կամ սեռական կողմնորոշման պատճառով: Դա աշխարհում չափազանց մեծ վտանգներ է սերմանում: Եկել է ժամանակը համախմբվելու մարդկային արժանապատվության մեր հիմնարար սկզբունքների շուրջ»:
Բարաք Օբամայի խոսքերն արձագանք են գտել Միացյալ Նահանգների քաղաքացիների սրտերում, նույնիսկ նրանց, ովքեր Օբամայի կողմնակիցները չեն.
«Ես նրա քաղաքականության հետ համաձայն չեմ, սակայն, որպես մարդ արարած, նրա նկատմամբ հարգանք ունեմ ու գնահատում եմ նրա սրտանց արտասանած խոսքերը», - ասում է Օրլանդոյի բնակիչ Քենդիս Քինգ-Փալգաթը:
Իր խոսքում նախագահ Օբաման անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ում զենքի վաճառքը խստացնելու իր նախաձեռնությանը.
«Մենք չենք վերացնի ատելությունը աշխարհի երեսից, սակայն կարող ենք կանխել նոր ողբերգություններից մի քանիսը եւ մարդկանց կյանքեր փրկել, եթե բավականաչափ խելացի գտնվենք»:
Օրլանդոյից մեկնելուց առաջ Բարաք Օբաման նաեւ այցելեց ողբերգության վայրը՝ զոհերի հիշատակը հարգելու: Կասկած չկա, վերքերն ամոքելու եւ սփոփելու կարողությունը հենց այն էր, ինչի կարիքն ուներ Օրլանդոն անցած օրերին, սակայն այժմ գալիս է գործելու ժամանակը:
«Մենք ցանկանում ենք տեսնել նախագահի գործողությունները, որպեսզի զգանք, որ նա մեր թիկունքին է եւ մեզ աջակցելու է անհրաժեշտ բոլոր միջոցներով», - ասում է Ֆլորիդա նահանգի բնակիչ Քեյթլին Բրեդլին:
Մինչ իշխանությունները պատրաստվում են գործել, քաղաքացիներն արդեն գործում են: Անցած օրերին Օրլանդոյում ահաբեկչությունից տուժածների օգտին Միացյալ Նահանգների քաղաքացիներն ինքնուրույն 7,5 միլիոն դոլար են հավաքել: