Նախագահի և Դալայ Լամայի չորրորդ հանդիպման ժամանակ լրագրողների մուտքը արգելված է եղել: Հանդիպումից հետո միայն, Սպիտակ տունը երկու առաջնորդների լուսանկարն է հրապարակել:
Չինաստանը Բարաք Օբամային նախազգուշացրել էր չհանդիպել իրենց կողմից վտանգավոր անջատողական համարվող Դալայ Լամային:
Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Լու Քինգը ասել է,- «Չինաստանը ԱՄՆ-ին խրախուսում է հետևել Տիբեթը Չինաստանի անբաժան մաս համարելու մասին տրված խոստումին և այն խոստումին, որ չի աջակցելու Տիբեթի անկախությունը և անջատողական շարժման մասնակիցներին: Մենք կրկնում ենք, որ Չինաստանի կայունության վրա ազդելու համար Տիբեթի հիմնախնդրի օգտագործման փորձերը ձախողման են դատապարտված»:
1959 թվականից ի վեր Դալայ Լաման բանակցություններ է վարում Տիբեթին ավելի ընդարձակ ինքնավարություն շնորհելու «համաձայնության ուղի» գտնելու համար: Սակայն Չինաստանի և Դալայ Լամայի միջև երկխոսությունները դադարեցվել են 2010 թվականին:
ԱՄՆ-ի նախագահի և Տիբեթի հոգևոր առաջնորդի հանդիպումից հետո, Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որ Բարաք Օբաման աջակցում է Դալայ Լամայի «համաձայնության ուղի» գտնելու մոտեցումը: Նախագահը աջակցություն է հայտնել Տիբեթի յուրօրինակ կրոնական, մշակութային և լեզվական ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև՝ Չինաստանում տիբեթցիների հավասար իրավունքները։