Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Վաշինգտոնում երկօրյա հանդիպումից հետո Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջանեթ Յելենը հայտարարել է դաշնային կարճաժամկետ միջոցների վերավարկավորման տոկոսադրույքն անփոփոխ պահելու որոշման մասին։

"Այսօր Բաց շուկայի դաշնային կոմիտեի անդամները անփոփոխ են թողել դաշնային միջոցների վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0.25-0.5 միջակայքում",- հայտարարել է նա:

Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջանեթ Յելենի խոսքերով, "Սա մեծ ճգնաժամից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշն է, որը փոխառության ծախսերը նվազեցնելու և զբաղվածությունը խթանելու նպատակ է հետապնդում:"

Հաշվի առնելով զբաղվածության ցուցանիշների անկումը և հաջորդ շաբաթ կայանալիք այսպես կոչված Brexit-ի հանրաքվեն, որով որոշվելու է Անգլիայի եվրագոտում մնալու հարցը, Դաշնային պահուստի պաշտոնյաները առավել խելամիտ են համարել սպասել կրքերի հանդարտմանը։

"Ակնհայտ է, որ Միացյալ Թագավորության և Եվրոպայի համար սա շատ կարևոր որոշում է, որը կարող է տնտեսական և ֆինանսական հետևանքներ ունենալ համաշխարհային ֆինանսական շուկաներում"",- նշել է Ջանեթ Յելենը։

Սակայն ոմանց կարծիքով՝ Դաշնային պահուստային համակարգը բաց է թողել այս տարի տոկոսադրույքը բարձրացնելու մի քանի հնարավորություն։ Ըստ Bankrate.com-ի՝ հերթական տնտեսական անկման դեպքում Դաշնային պահուստը շուկան կարգավորելու սահմանափակ հնարավորություններ կունենա։ Կայքի գլխավոր տնտեսագետ Գրեգ Մքբրայդի խոսքերով.
"Դաշնային պահուստային համակարգը պետք է տոկոսադրույքը կրկնակի բարձրացնի։ Այն պետք է վերազինվի և լծակ ունենա դիմակայելու հաջորդ տնտեսական անկմանը: Բարենպաստ պայմաններին սպասելով՝ հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ տարվա կեսը անցել է, մինչդեռ տոկոսադրույքը ընդհանրապես չի բարձրացվել"։

Որոշ տնտեսագետների կարծիքով, այս տարի դեռևս երկու անգամ հնարավոր է բարձրացնել տոկոսադրույքը։ Սակայն Բիզնեսի տնտեսության ազգային ընկերակցությունից Քեն Սիմոնսոնի խոսքերով, ԱՄՆ-ում թեժ ընտրապայքարը կարող է դառնալ հաջորդ բարդացնող գործոնը։

"Նախագահական ընտրությունները է՛լ ավելի են դժվարացնում իրավիճակը, քանի որ ընտրություններից երկու կամ երեք ամիս առաջ ցանկացած քայլ շատերի կողմից կարող է մեկնաբանվել որպես ընտրության արդյունքների վրա ազդելու փորձ"։

Կենտրոնական բանկը վերջին անգամ տոկոսադրույքը բարձրացրել է դեկտեմբեր ամսին՝ մեկ քառորդ տոկոսով։ Ըստ վերլուծաբանների, հաջորդ փոփոխությունը կանխատեսվում է հուլիսին կամ սեպտեմբերին, կամ էլ` ընտրություններից հետո։

XS
SM
MD
LG