Չինաստանում Դիսնեյի առաջին թեմատիկ զբոսայգու բացմանը ներկա էին կոմունիստական կուսակցության առաջնորդները, ելույթ էր ունենում չինացի երեխաների երգչախումբը, իսկ հյուրերին ողջունում էին Դիսնեյի հանրահայտ կերպարները։
«Շանհայում Դիսնեյի զվարճավայր ունենալը խորհրդանշում է միջազգային բիզնես համայնքի վստահությունը Չինաստանում ներդրումների, բիզնես միջավայրի և շուկայի ներուժի հանդեպ», - նշել է Չինաստանի վարչապետ Վանգ Յանգը:
"Դիսնեյ" ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերի խոսքերով. «Սա ստեղծագործական մտքի, համագործակցության, նվիրվածության և համբերատարության տոն է, նորարարության և երևակայության հաղթանակ։ Սա Դիսնեյի և Չինաստանի միջև ամուր գործընկերության իրական ապացույց է։ Միասին մենք արտասովոր ուղի ենք բռնել, որտեղ խաչվում են Արևելքը և Արևմուտքը, անցյալը և ապագան, և, կարծես, ամեն ինչ հնարավոր է դառնում»։
«Դիսնեյի աշխարհ»-ի հիմնական մրցակիցներն են Չինաստանում սիրված մուլտֆիլմերի հերոսներով առավել մատչելի տեղական թեմատիկ զբոսայգիները, սակայն, ըստ վերլուծաբանների, չինական շուկայում երկու տիպի զվարճավայրերն էլ տեղ կգտնեն։
Չինաստանում ներքին զբոսաշրջության կտրուկ աճը, որը անցյալ տարի եկամտի 13 տոկոս աճ էր արձանագրել, մարդկանց հոսք կապահովի դեպի նորաստեղծ թեմատիկ զբոսայգիներ։ Ակնկալվում է, որ Շանհայում գտնվող «Դիսնեյի աշխարհ»-ը տարեկան 15-30 միլիոն մարդ կայցելի։ Մինչդեռ, Դիսնեյի տեղական մրցակից Wanda ընկերությունը ծրագրում է 15 թեմատիկ զբոսայգիներ և համալիրներ ստեղծել գալիք չորս տարիների ընթացքում։