Մատչելի հղումներ

Կամավորները օգնում են Օրլանդոյի ահաբեկչությունից տուժածներին


Օրլանդոյի ահաբեկչությունից 3 օր անց, մինչ ոստիկանությունը հետաքննում է գործը, բժիշկները՝ պայքարում վիրավորների կյանքեր փրկելու համար, Օրլանդո քաղաքի շատ կամավորներ օգնում են տուժածների ընտանիքներին եւ ոստիկանությանը։

Ռայենը եւ նրա գործընկերները աշխատում են շինանյութի խանութում, որը գտնվում է ՛՛Պուլս՝՝ գիշերային ակումբի հարեւանությամբ, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակումը։ Սարսափելի միջադեպից ժամեր անց նրանք որոշեցին կամավոր կերպով օգնել տուժածներին եւ բոլոր նրանց, ովքեր պետք է աշխատեն այստեղ օր ու գիշեր։

՛՛Իմ աշխատողները զանգահարեցին ինձ առավոտյան եւ պատմեցին տուժածներին օգնելու իրենց մտադրության մասին, ես ասացի, որ հրաշալի գաղափար է։ Նպատակն էր օգնել թե՛ ոստիկանությանը, թե՛ լրագրողներին, ովքեր օրնիբուն դեպքի վայրից կատարում են իրենց աշխատանքը՝՝։

Ռոբին Մեյնարդը գլխավորում է Օրլանդոյի կրծքագեղձի քաղցկեղի հիմնադրամը: Նա եւ նրա ընկերները գիտեն, թե ինչ է նշանակում օգնել ծանր կացության մեջ հայտնվածին։

՛՛Մեր համայնքը միավորվել է, մենք պատրաստ ենք օգնել ինչով կարող ենք, մենք ծանր օրեր ենք ապրում, սակայն մեր ոգին անկոտրում է՝՝։

Անջելայի որդու ընկերները գիշերային ակումբում վիրավորվածների թվում են, նա եկել է այստեղ իր որդուն եւ նրա ընկերներին իր աջակցությունը ցույց տալու։

՛՛ Եկել ենք այստեղ օգնելու ինչով կարող ենք, սա միակ բանն է, որ կարող ենք անել այսօր՝՝,- ասում է նա։

Շրջակայքի ռեստորաններն ու խանութները անվճար սնունդ են բաժանում բոլոր նրանց, ովքեր գործում են այստեղ։
Ողբերգությունից ժամեր անց տեղի միասեռականների համայնքը կազմակերպեց դրամահավաք համացանցում, տուժածների ընտանիքներին օգնելու նպատակով։

Մինչեւ երեքշաբթի երեկոյան արդեն 4 միլիոն դոլար էր հավաքվել։

՛՛Ամբողջ գումարը ուղղվելու է տուժածների ընտանիքներին, բոլոր նրանք, ովքեր այժմ հիվանդանոցում են, չպետք է անհանգստանան բժշկական ծախսերի համար, մենք բոլոր գումարը կվճարենք՝՝։

Հուղարկավորության շատ ընկերություններ առաջարկում են իրենց անվճար ծառայությունը, որոշ ավիաընկերություններ առաջարկում են անվճար թռիչք նահանգից դուրս բնակվող տուժածների հարազատների համար, հոգեբանները առաջարկում են իրենց անվճար ծառայությունները։ Մի բան ակնհայտ է. ողբերգությունը միավորել է բոլորին։

XS
SM
MD
LG