Իրաքյան Ֆալուջա քաղաքից հարավ գտնվող այս ճամբարի բնակիչները հիմնականում կանայք եւ երեխաներ են։ Նրանցից շատերը չգիտեն, թե որտեղ են իրենց ամուսինները, հայրերն ու եղբայրները։
՛՛ Ֆալուջայից փախուստի դիմելու ժամանակ բոլոր տղամարդիկ գերեւարվեցին, նրանց թվում նաեւ պատանիներ՝՝,- պատմում է փախստական կինը։
Շուրջ 600 տղամարդ անհետ կորել են Ֆալուջա քաղաքից իրենց ընտանիքների հետ փախուստի դիմելուց հետո։ Կառավարության ուժերի հետ մարտնչող շիա զինյալները մեղադրվում են՝ փախուստի դիմած սունի մահմեդականների առեւանգման եւ սպանության մեջ։ Իրաքի կառավարությունը խոստացել է հետաքննել գործը եւ պատժել մեղավորներին։
Ֆալուջան գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 50 կմ արեւմուտք, այն համարվում է ՛՛Դաեշ՝՝-ի հիմնական հենակետերից մեկը Իրաքում։ Վերջին 3 ամիսների ընթացքում քաղաքի հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը։ Պետական ուժերը թաղամաս առ թաղամաս հետ են գրավում ավերակների վերածված քաղաքը։
՛՛ Աստծո կամքով մոտակա ամիսների ընթացքում մեզ կհաջողվի հետ գրավել քաղաքը՝ հնարավորություն տալով փախստականներին հետ վերադառնալ իրենց տուն՝՝,- նշում է իրաքյան բանակի հրամանատարներից Ահմադը։
Սակայն հարցը նրանում է, թե արդյոք այս ընտանիքների անդամները կվերագտնեն իրենց հարազատներին։