Սակայն Հյուսիսային Իրաքի ճակատային գծի ողջ երկայնքով Փեշմերգայի հրամանատարները միաբերան բողոքում են զենքի անորակությունից։
"Չորս ծանր գնդացիրներից, որպես կանոն, միայն մեկն է աշխատում։ Երբ մեկը շարքից դուրս է գալիս, այն վերանորոգում ենք, այնուհետև մյուսն է փչանում, և այդպես շարունակ։ Նույնիսկ թեթև զենքերն են հնացած", ասում է Փեշմերգայի գեներալ Սաիդ Հազարը։
Քանի որ Քրդիստանը Իրաքի մաս է կազմում, Փեշմերգային ռազմական տեխնիկա պետք է մատակարարի Իրաքի կառավարությունը։ Սակայն զինյալների խոսքերով՝ Բաղդադը համապատասխան զենքով չի ապահովում։
Նրանց պնդմամբ՝ որակյալ զենքի մեծ մասը իսլամիստները զավթել են ԱՄՆ-ի կողմից մատակարարվող իրաքյան բանակից 2014 թվականին, երբ նրանք լքել են տարածքը։
ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտը հերքում է, որ նման խնդիր գոյություն ունի։
«Մենք շարունակում ենք աջակցել Իրաքի կառավարությանը վարչապետ Հեիդար Ալ-Աբադիի միջոցով։ Փեշմերգայի ուժերին զինամթերք և ռազմական տեխնիկա մատակարարելու հարցում որևէ խնդիր չի առաջացել։ Վստահ ենք, որ այս ձևաչափով պետք է շարունակենք», ասում է Պենտագոնի խոսնակ Փիթըր Քուքը:
Փեշմերգային զենք են մատակարարում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան, այդ թվում՝ հակաականային զրահապատ մեքենաներ, Միլան հակատանկային հրթիռներ, զինամթերք, ինչպես նաև գումար են հատկացնում աշխատավարձերի համար։
Սակայն Մոսուլ քաղաքի ազատագրման համար մղվող լարված պայքարի պայմաններում Փեշմերգան ավելին է պահանջում։
«Նրանք մեզ պետք է ապահովեն ավելի ժամանակակից տեխնիկայով, գիշերային տեսանելիության սարքերով, ծանր գնդացիրներով, զրահապատ մեքենաներով», ասում է Հազարը։
Գեներալի խոսքերով՝ զրահապատ մեքենան, որով նա շրջում է իսլամիստներից ազատագրված ականապատ տարածքով, ստիպված է եղել սեփական միջոցներով գնել։
Սակայն մտավախություն կա, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ տարվող պատերազմում Փեշմերգայի գերզինումը կհանգեցնի Բաղդադից անկախանալու պայքարի։