Մատչելի հղումներ

Վաշինգտոնում սուր բանավեճեր են Մոսկվայի նկատմամբ քաղաքականության շուրջ


ԱՄՆ-ի Կոնգրեսում սուր բանավեճեր են տեղի ունեցել Ռուսաստանի վերաբերյալ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության շուրջ:

Միացյալ Նահանգների հանրապետականների եւ դեմոկրատների մի մասի միջեւ հակասություններ են ի հայտ եկել Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության շուրջ: Բացելով Կոնգրեսում «ԱՄՆ-ի քաղաքականությունը Պուտինյան Ռուսաստանի նկատմամ» լսումները՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերությունների եւ դրանց բարելավման ուղիների վրա.

«Սառը պատերազմից հետո առաջին անգամ ենք մենք հայտնվում մի իրավիճակում, երբ ստիպված ենք ավելացնել մեր ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանությունն ապահովելու համար: Եվ նույնիսկ այս իրավիճակում, Պուտինը շարունակում է սրել իրավիճակը»:

Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ պետք է համագործակցի ընդհանուր, այլ ոչ թե՝ Մոսկվայի պայմաններով.

«Համագործակցությունը նշանակում է, որ շահում են երկու կողմերը: Մեր կողմից ավելի կոշտ ու հետեւողական մոտեցումը կարող է համոզել Պուտինին, որ համագործակցությունն ավելի ձեռնտու է, քան հակամարտությունը, որին նա հաճախ ապավինում է: Իսկ մենք մեր կողմից բազմիցս ենք ապացուցել, որ բաց ենք համագործակցության համար»:

Լսումների ընթացքում մասնակիցների միջեւ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի ապագա մոտեցումների վերաբերյալ բավականին սուր հակասություններ բացահայտվեցին: Մասնավորապես, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը սուր քննադատության ենթարկեց Վլադիմիր Պուտինին՝ առանձնացնելով նրան Ռուսաստանի ժողովրդից.

«Ռուսաստանը հոյակապ երկիր է, սակայն, Պուտինը Ռուսաստան չէ: Նա ջատագով բռնապետ է, ով մահացու վտանգ է ներկայացնում սեփական ժողովրդի եւ ամբողջ Եվրոպայի ու աշխարհի համար»:

«Այսպիսով, ինչպես մենք պետք է վարվենք նման անկանխատեսելի եւ անպատասխանատու առաջնորդի հետ: Առայժմ լավագույն մոտեցումը աշխարհագրական մեկուսացումն է: Մենք չենք կարող կազդուրել ռուս հասարակությունը, սակայն կարող ենք պահել վարակը Ռուսաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում»:

Հակառակ կարծիքի էր ազդեցիկ հանրապետական կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը, ում կարծիքով, ստեղծված իրավիճակի համար մեղքի զգալի բաժինն Արեւմուտքի վրա է.

«Մեր հարաբերությունների վատթարացման աստիճանը զարհուրելի է: Սառը պատերազմից հետո մեր հարաբերությունները վատագույն մակարդակի վրա են եւ ես չեմ հավատում, որ այս ամենը կարող է կապված լինել Պուտինի հետ: Փաստն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին իսկ օրերից մենք ցուցաբերել ենք բացահայտ թշնամություն Ռուսաստանի նկատմամբ»:

Հակասություններն ի հայտ եկան ոչ միայն կոնգրեսականների, այլ նաեւ լսումներին հրավիրված վերլուծաբանների միջեւ: Այսպես, Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը կարծում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է զսպել.

«Պուտինի ագրեսիան զսպելու համար կարեւորագույն դեր ունի Ուկրաինայում ժողովրդավարության եւ տնտեսության զարգացումը»:

Մաքֆոլի հետ համաձայն չէր Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեք Մեթլոքը, ում կարծիքով, ընդհակառակը, անհրաժեշտ է դադարեցնել ճնշումները Մոսկվայի նկատմամբ.

«Կոմունիզմը պարտություն կրեց ներքին ճնշման տակ եւ դա հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ մենք ավարտեցինք Սառը պատերազմը եւ վերջ դրեցինք արտաքին ճնշումներին»:

Մեթլոքի կարծիքով, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կենսական շահերը համընկնում են, ինչը տրամաբանական է դարձնում համագործակցությունը, այլ ոչ թե միմյանց հակադրությունը.

«Այո, նախագահ Պուտինը բազմաթիվ սխալներ է գործել: Դրանցից շատերը Ռուսաստանի շահերին հակասում են: Սակայն, Ռուսաստանի նախագահի եւ կառավարության գործողությունների վերաբերյալ պետք է որոշում կայացնեն Ռուսաստանի քաղաքացիները»:

Լսումների վերջում կոնգրեսականներից մի քանիսն ընդգծեցին, որ երբեք չէին ակնկալում տեսնել ժողովրդավարության նման դրսեւորումներ, երբ նույն երկրում աշխատած բարձրաստիճան երկու դիվանագետներ այսքան կհակասեին միմյանց:

XS
SM
MD
LG