Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հայերը սգում են Օրլանդոյի զոհերի կորուստը


Ամերիկայի հայկական համագումարը պաշտոնապես դատապարտել է Օրլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ընթացքում «Դաեշի» համակիրը զանգվածային կրակ էր բացել համասեռականների գիշերային ակումբում՝ սպանելով տասնյակ անմեղ մարդկանց:

«Ամերիկայի հայկական համագումարը եւ Ամերիկայի ամբողջ հայությունը սգում է Օրլանդոյի կոտորածի բոլոր զոհերի կորուստը: Մենք աղոթում ենք զոհերի հիշատակի, նրանց ընտանիքների եւ ընկերների համար: Համագումարը դատապարտում է տեղի ունեցած բարբարոսական արարքը, ինչպես նաեւ՝ հանցագործի կերպարում պատկերված համատարած անհանդուրժողականությունը, ատելությունը եւ մարդատյացությունը», - նշվում է Ամերիկայի հայկական համագումարը պաշտոնական հայտարարության մեջ:

Համագումարը հիշեցնում է նաեւ, որ հանցագործը ներկայացել է որպես «Դաեշ»-ի համախոհ, մի կազմակերպության, որը Սիրիայի եւ Իրաքի տարածքում իրականացրել է հայերի եւ այլ քրիստոնյաների ցեղասպանություն: Հայերը լավ գիտեն թիրախ դառնալու վտանգը, հիշեցնում են հայտարարության հեղինակները:

«Այս անբարոյական ահաբեկչությունների վտանգի առջեւ հատկապես կարեւոր է միավորվել, վեր բարձրանալ եւ հաղթանակել: Մենք խոնարհվում ենք կորստի առջեւ եւ հայտնում Օրլանդոյի հետ մեր միասնականությունը», - նշվում է հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG