Մատչելի հղումներ

Գիտնականներն ուսումնասիրում են զիկա վիրուսի տարածման ուղին


ԴՆԹ հետազոտման արդի սարքավորումներով հագեցված երկու շարժական լաբորատորիաներով՝ գիտնականների միջազգային մի խումբ շրջում է Բրազիլիայում՝ ուսումնասիրելու զիկա վիրուսի նմուշները։ Նրանք փորձում են հետևել մոծակների միջոցով փոխանցվող վիրուսի տարածման ուղին։

Բրիտանացի հետազոտողները շրջայցեր են կատարում Բրազիլիայի հյուսիսարևելյան ափի երկայնքով, որտեղ զիկա վարակի արդյունքում միկրոցեֆալիայի ամենաշատ դեպքերն են արձանագրվել։

Միկրոցեֆալիայով ծնված նորածինները ունեն արտասովոր փոքր գլուխ և ուղեղ, ինչը հանգեցնում է մտավոր հաշմանդամության, շարժողական խնդիրների և ցնցումների։ Ենթադրվում է, որ վիրուսը նաև կաթված առաջացնող Guillian-Barre համախտանիշի պատճառ կարող է հանդիսանալ։

Բիրմինգհեմի համալսարանի Մանրէաբանության և վարակաբանության ինստիտուտից Նիք Լոմանի ղեկավարած հետազոտական խմբերը հիվանդներից ստացված 750 արյան նմուշների գենետիկական ուսումնասիրություն են կատարում՝ փնտրելով վիրուսի հետքեր և հնարավոր մուտացիաներ։

Լոմանի խոսքերով, աշխատանքի արդյունքում հետազոտողները քարտեզագրում են վիրուսի ծագման վայրը և տարածման հնարավոր ուղիները՝ խիտ բնակեցված տարածքներից մինչև փոքր քաղաքներ։

"Գենոմային արդի հետազոտությունները ճշգրիտ տեղեկություններ են տրամադրում ախտածնի կենսագործունեության և բնակչության շրջանում դրա տարածման առանձնահատկությունների մասին", ասում է նա։

Զիկան առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում 1940-ականներին, ապա՝ տարածվել Ասիայում։ Լոմանի խոսքերով վաղ շրջանում միկրոցեֆալիա չէր հանդիպում, ուստի վիրուսը ընթացքում է ենթարկվել բնածին արատը առաջացնող մուտացիայի։ Նա հուսով է, որ հարուցչի և միկրոցեֆալիայի միջև կապի ավելի լավ պատկերացումը կարագացնի բուժման և պատվաստանյութերի մշակման գործընթացները։

Դաշտային պայմաններում ԴՆԹ-ի հետազոտության համար կիրառվող սարքը 100 գրամից թեթև է և սնուցվում է շարժական համակարգչից։

Սարքը առաջին անգամ կիրառվել է Գվինեայում՝ Արևմտյան Աֆրիկայում էբոլայի համաճարակի ժամանակ։

Հետազոտելով նոր ախտորոշված հիվանդների արյան նմուշները՝ գիտնականներին հաջողվել է հասկանալ էբոլայի դեպքերի միջև կապը, ինչը Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբաններին հնարավորություն է տվել սահմանափակել մահացու հիվանդության տարածումը և կանխել այն։ Զիկա վիրուսի նոր և ավելի վաղ տեսակների համեմատությունը թույլ կտա հասկանալ վիրուսի ներկայիս վարքագիծը։

"Փորձում ենք հստակ պատկերացում ստանալ վերջին մեկ տարվա ընթացքում վիրուսի փոփոխությունների վերաբերյալ՛՛, ասում են գիտնականները, ՝՝որպեսզի համեմատենք և հասկանանք, թե ինչպես է հարուցիչը ենթարկվել մուտացիայի։ Դա թույլ կտա հետևել, թե ինչ արագությամբ է այն տարածվում Բրազիլիայում և հետագա կանխատեսումներ անել"։

Այդ տեղեկությունները չափազանց կարևոր են Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համատեքստում։

Լոմանը հուսով է, որ վիրուսի գենետիկական հետազոտությունը կնվազեցնի միջազգային սպորտային միջոցառման այցելուների վարակման հավանականությունը։

XS
SM
MD
LG