Այս շաբաթ Վաշինգտոնում սպասվում է կլիմայի հարցերով լուրջ հայտարարություն
Փորձագետները հետևում են, թե արդյոք Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին կպարտավորվի մինչև տարեվերջ վավերացնել կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագիրը, ինչի դեպքում, հնարավոր է, այն ուժի մեջ մտնի նախքան նշանակված վերջնաժամկետը՝ 2020 թվականը։
Երեքշաբթի օրը նախագահ Օբաման Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Մոդիի հետ։ Լրագրողների հետ նրանց համատեղ ճեպազրույցում նախագահը անդրադարձել է կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան պատմական համաձայնագրին։
"Քննարկել ենք փարիզյան համաձայնագրը հնարավորինս արագ ուժի մեջ մտցնելու պայմանները։ Շոշափվել են նաև Հնդկաստանում արեգակնային և մաքուր էներգիայի ստացման՝ վարչապետ Մոդիի տեսլականը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ ֆինանսավորման երաշխիքները։ Այս համաձայնագրերը և հուշագրերը արտացոլում են կլիմայի փոփոխության խնդրի շուրջ մեր վերաբերմունքի լրջությունը", ասել է Օբաման։
Վարչապետ Մոդին նույնպես նշել է այս հարցի շուրջ երկու երկրների միասնական աշխատանքի մասին։
Պայմանագրի աջակիցների կարծիքով, գործարքը կազդարարի կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում զարգացող երկրների մտադրությունների լրջության մասին։
Սակայն ըստ քննադատների, փարիզյան համաձայնագրի ներքո Հնդկաստանի ստանձնած պարտավորությունները չնչին են։ Նրանց կարծիքով՝ շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվում Հնդկաստանից և մնացած աշխարհից՝ մոլորակի բարեկեցության համար վճռորոշ երկու աստիճանով ջերմացման շեմը չգերազանցելու համար։
Մոդին, որը պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, հատուկ ուղերձով հանդես է գալու Կոնգրեսի համատեղ նիստին։ Սա վարչապետի յոթերորդ հանդիպումն էր նախագահ Օբամայի հետ։