Մատչելի հղումներ

Ամերիկահայ բարերարի կոչը հայ երիտասարդներին. «Դուք եք տերը Հայաստանի»


Վաշինգտոնում տեղի է ունեցել դրամահավաք
Վաշինգտոնում տեղի է ունեցել դրամահավաք

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցավ դրամահավաք-համերգ, որից հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է Գյումրիի կանանց առողջության բարելավման ծրագրերի իրականացմանը: Միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, կազմակերպվել էր նաեւ Գյումրիի երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք: Միջոցառման կազմակերպիչ, ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանի խոսքով, նկարների հեղինակները Գյումրիի երեխաներն են.

«Գյումրիի մեր երեխաներն են, որոնք ծնվել էին երկրաշարժի օրերին կամ դրանից անմիջապես հետո, 5-14 տարեկան էին (նկարելու պահին – «ԱՁ»), հիմա կլինեն 17-28 տարեկան երիտասարդներ եւ Աստված գիտի, թե ուր են այսօր, որ երկրի մեջ»:

Միջոցառման ընթացքում հավաքված ամբողջ գումարը ուղղվելու է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում Գյումրիի կանանց անվճար հետազոտման եւ կազդուրման ծրագրերին: Կազմակերպիչները հիշեցնում են, որ կնոջ առողջությունն ամբողջ ազգի առողջության հիմնասյունն է, քանի որ այն նշանակում է ոչ միայն ամուր ընտանիք, այլեւ՝ առողջ երեխաներ:

«Ես կրկին ուզում եմ ծափահարել կանանց: Նույնիսկ անգլիացի մեծ գրող Կիպլինգը գրել էր. Աստված ստեղծեց մորը, որովհետեւ ինքը չէր կարող ամեն տեղ լինել, եւ բոլորս գիտենք, եթե չունենայինք մայր, այս աշխարհում չէինք լինի», - նշեց Պալյանը:

Ռիտա Պալյանը հիշեց որ երբ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ժամանել էր Հայաստան՝ աղետի գոտու երեխաների հետ որպես հոգեբան աշխատելու համար, երեխաներից շատերն ընդհանրապես չէին ցանկանում խոսել: Հենց այդ օրերին միտք ծնվեց երեխաներին առաջարկել ոչ թե խոսել, այլ՝ նկարել, սակայն, գունավոր ներկեր տեղում չկային եւ երեխաներն ամբողջ նկարները սեւ ներկով էին նկարում միայն: Ամիսներ անց Պալեանը Միացյալ Նահանգներից գունավոր ներկեր բերեց եւ երեխաները գունաներկեցին սեփական նկարները՝ տալով դրանց բոլորովին այլ տեսք: Հենց այդ նկարներն էին վաճառվում դրամահավաքի ընթացքում:

Հայ-ամերիկյան մշակութային միության խորհրդի անդամ Սանդրա Գոշգարյանը միջոցառման ընթացքում որոշեց գնել այդ նկարներից մեկը՝ Գյումրիի կանանց օգտին փոխանցելով մի քանի հարյուր դոլար:

«Նկարն այնքան գեղեցիկ է, որ ես դրանով ուղղակի հրապուրված էի: Դրանից բացի, ես սիրում եմ ծաղիկներ, սիրում եմ գույնզգույն երանգներ եւ ուղղակի աչքս չէի կարող շրջել դրանից», - ասաց Գոշգարյանը:

Միջոցառման ընթացքում հավաքվածներին ողջունեց նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով բարեգործական նախաձեռնությունների համար: Դրամահավաքի կազմակերպիչներն իրենց հերթին հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները թույլ կտան որոշ չափով բարելավել անապահով խավի կյանքի որակը՝ այդպիսով կանխելով արտագաղթը:

«Կաղոթեմ Աստծուն, որ մնան միշտ Հայաստանում եւ ճոխացնեն մեր երկիրը, որովհետեւ, եթե մենք հեռանանք, ո՞վ պիտի լինի տերը մեր հողի, հայկական արեւի, լուսնի, լեռների, ջրի եւ օդի: Եվ ամեն երթալուց ես այդ նույնը կասեմ հայ երիտասարդներին, որ դուք եք տերը այս երկրի. կառավարությունները կգան եւ կգնան, բայց դուք պետք է մնաք եւ ճոխացնեք եւ դուք պետք է լինեք ապագայի առաջնորդները եւ տերերը», - ընդգծեց Պալեանը:

XS
SM
MD
LG