Մատչելի հղումներ

Գրեթե 46 միլիոն մարդ ապրում է ստրկության մեջ


Գրեթե 46 միլիոն մարդ ապրում է ստրկության մեջ
Գրեթե 46 միլիոն մարդ ապրում է ստրկության մեջ

Երեքշաբթի օրը Լոնդոնում հրատարակված «Ստրկության համաշխարհային ցուցանիշ» զեկույցի համաձայն, ստրկության մեջ ապրող մարդկանց մեծ մասը բնակվում են Հնդկաստանում, Չինաստանում և Պակիստանում:

Հնդկաստանն աշխարհում ամենախոշոր ժողովրդավարական երկիրն է, որտեղ 1 միլիարդ 2 հարյուր միլիոն բնակիչներից 800 միլիոնը քվեարկելու իրավունք ունի: Դրա հետ մեկտեղ Հնդկաստանում այժմ ավելի շատ ստրուկներ կան, քան որևէ այլ երկրում: «Ստրկության համաշխարհային ցուցանիշ» զեկույցի գլխավոր հեղինակ պրոֆեսոր Քեվին Բեյլսի խոսքերով, այստեղ 18 միլիոնից ավելի ստրուկներ կան:

«Հնդկաստանում դեռևս առկա են ավանդական ստրկության ձևերը: Նրանք գյուղատնտեսության ստրկության մեծ պատմություն ունեն։ Հնդիկները փորձում են լուծել այս խնդիրը, սակայն այն արմատացած է»:

Զեկույցը, որում գրանցված են 167 երկրներում ստիպողական աշխատանքի, ստիպողական ամուսնության և սեռական շահագործման դեպքերը, պարբերաբար թողարկվում է ավստրալիական «Ուորլդ ֆրի» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի նախագահ Էնդրյու Ֆորեսթի խոսքերով, այս մարդկանցից շատերին ավելի վատ են վերաբերվում, քան կենդանիներին:

«Այս մարդիկ չեն կարող լքել իրենց կեցության վայրը։ Կամ նրանց անձնագրերն են բռնագրավված, կամ էլ նրանց և նրանց ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ սպառնալիք կա»:

Ժամանակակից աշխարհի ստրուկների գրեթե 60 տոկոսը գտնվում են Ասիայում: Ստրուկների թվով Հնդկաստանին հաջորդում են Չինաստանն ու Պակիստանը:

Հարավային Պակիստանի աղյուսի պատրաստման գործարանում ստիպողաբար աշխատում են տղամարդիկ, կանայք և երեխաներ: Նրանց թվում է նաև Ռանջհանը:

«Երեխաներին կերակրելու համար մենք վարկ վերձրեցինք: Այժմ ես 40,000-50,000 ռուփի պարտք ունեմ, որը արժեզրկման պատճառով մինչև կյանքիս վերջը չեմ կարողանա վճարել»:

Գործատուները պարտքի դիմաց իրենց են պահում աշխատողների ողջ աշխատավարձը և նրանց միայն ուտելիք տրամադրում:

Այն բոլոր ընկերություններին, որոնք այս երկրներում գործարքներ են իրականացնում, մարդու իրավունքների պաշտպանները կոչ են անում վստահ լինել, որ տեղի ընկերությունները հարգում են աշխատանքի մասին օրենքները: Սակայն նրանք հավատացած են, որ բարեփոխումներ հնարավոր կլինի միայն կառավարությունների կողմից իրականացվելիք գործողությունների շնորհիվ:

XS
SM
MD
LG