Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը շարունակվում է


Լեհաստանի եւ Բալթյան երկրների սահմաններին ռազմախաղեր անցկացնող Ռուսաստանը պատճառաբանում է իր գործողությունները ՆԱՏՕ-ի կողմից այդ երկրներում ուժերի տեղակայման հեռանկարով: Մոսկվան հայտարարել է նաեւ, որ նախատեսում է Ղրիմում ատոմային զենք կրելու ունակ ծանր ռմբակոծիչներ տեղակայել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ Լեհաստանում եւ Բալթյան երկրներում ուժերի տեղակայումը պայմանավորված է առաջին հերթին պաշտպանության կարիքով.

«Մեր գործողությունները պաշտպանական եւ համաչափ են եւ լիովին գտնվում են միջազգային մեր պարտավորությունների շրջանակներում»:

Մոսկվան սակայն սպառնում է կոշտ պատասխանել ՆԱՏՕ-ի ցանկացած ներկայությանը նախկին Վարշավյան պայմանագրի երկրներում: Վլադիմիր Պուտինը Հունաստանում հայտարարել է, որ Ռումինիայում դաշինքի հակահրթիռային պաշտպանական համակարգը Ռուսաստանի համար վտանգ է ներկայացնում.

«Եթե դեռ երեկ Ռումինիայի այդ տարածքները տեղյակ չէին, թե ինչ է նշանակում սահմանագծի վրա գտնվելը, ապա այսօր մենք որոշ քայլեր կձեռնարկենք՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»:

Լեհաստանի նախագահ Անդրեյ Դյուդան ի պատասխան նշել է, որ Մոսկվան ծայրահեղ ծանր է արձագանքում հակահրոիռային պաշտպանությանը.

«Այս հարցը քննարկվել է տարիներ շարունակ, այնպես որ, չպետք է որեւէ մեկի համար անակնկալ լինի»:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները պետք է սանձազերծվեն:

«Համաշխարհային զարգացումների վրա ազդեցություն թողնելու համար Ռուսաստանը որոշել է, որ պետք է քայքայի եւ բաժանի մյուսներին եւ նույնիսկ հարեւանների դեմ ուժ գործադրի», - հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մայք Թըրները:

Ի պատասխան, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն մեղադրել է դաշինքին՝ Սառը պատերազմի կանոններին վերադառնալու մեջ եւ ընդգծել, որ հարաբերությունների վատթարացումը կսաստկանա:

XS
SM
MD
LG