Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակը քննարկումներ է անցկացնում Ճապոնիայի Իսեյ Շիմա քաղաքում


Աշխարհի գերհզոր տնտեսություններն ունեցող 7 պետությունների՝ Մեծ յոթնյակի ղեկավարները Ճապոնիայի Իսեյ Շիմա քաղաքում անցկացվող գագաթաժողովի շրջանակներում քննարկում են համաշխարհային տնտեսությանը, միջազգային ահաբեկչությանը, կլիմայական փոփոխություններին, Հարավչինական ծովին ու Հյուսիսային Կորեային առնչվող խնդիրներ։

Ճապոնիայի վարչապետը, որպես Մեծ յոթնյակի գագաթաժողովի հյուրընկալ պետության ղեկավար, դիմավորեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Կանադայի բարձրաստիճան ղեկավարներին, որոնք բոլորն էլ ընդունեցին տնտեսությանը զարկ տալու համար ծախսումների ճկուն քաղաքականություն վարելու կարեւորությունը։ Ընդունեցին նաեւ, որ դրա ժամանակն ու ծավալները պիտի կախված լինեն տվյալ երկրի պահանջներից ու կարողություններից։

՝՝Մենք բոլորս համաձայն ենք, որ յուրաքանչյուր պետություն, կախված իր պահանջներից ու հնարավորություններից, ինքնուրույն պիտի կատարի տնտեսական աճն արագացնելու քայլեր՛՛, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

Ի դեպ, մինչեւ գագաթաժողովը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր գործընկերներին հրավիրել էր շինտո կրոնի ամենակարեւոր սրբավարը, որը նվիրված է արեւի Ամատերասու Օմիկամի աստվածուհուն։ Նա համարվում է երկրի կայսեր առասպելական նախնին։ Վարչապետի խոսքերով, կարեւոր է, որ նրանք հասկանան Ճապոնիայի ժողովրդի հոգեւոր արժեքները։

Յոթ երկրների ղեկավարները նաեւ քննարկեցին առեւտրին, քաղաքականությանը, դիվանագիտությանը եւ կլիմայական փոփոխություններին վերաբերող հարցեր։ Հարցերից ամենակարեւորն ու լուրջը Հարավչինական ծովում տարածքային խնդիրների հետ կապված տարաձայնություններն են, երբ Չինաստանը, արհամարելով տարածաշրջանի մյուս երկրների բողոքները, շարունակում է իր տարածքների ընդլայնումը Հարավչինական ծովի բնական պաշարներով հարուստ հատվածներում։ Մեծ յոթնյակի ղեկավարները որոշեցին ուժեղ ուղերձ հղել Չինաստանին։ Ճապոնիայի վարչապետը հայտարարեց, թե իր երկիրը ողջունում է Չինաստանի խաղաղ վերելքը՝ կրկնելով սակայն Չինաստանի կողմից ուժի միջոցով կարգավիճակ փոխելու հարցում Տոկիոյի ընդդիմությունը։ Սակայն Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պեկինում ի պատասխան հայտարարեց, թե Հարավչինական ծովը որեւէ առնչություն չունի Մեծ յոթնյակի ու նրա որեւէ անդամ պետության հետ։ ԱՄՆ-ի նախագահն իր հերթին կոչ արեց Չինաստանին՝ ծովային խնդիրները լուծել միայն խաղաղ եղանակով։

Օբաման հիշեց նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի մասին, հայտարարելով, թե մեկուսացված այս պետությունը չարագուշակ կերպով շարժվում է դեպի ատոմային զենքեր ձեռք բերելու ուղղությամբ։ Նա նաեւ գոհունակություն արտահայտեց, որ տարածաշրջանի երկրներն ու մասնավորապես Չինաստանն այս հարցում աստիճանաբար որդեգրում եմ ավելի ճիշտ դիրքեր։

Օբաման ուրբաթ օրը, գագաթաժողովից անմիջապես հետո ուղեւորվելու է Հիրոսիմա, որտեղ 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից նետված ատոմային ռումբի պայթյունին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Օբաման կդառնա ԱՄՆ-ի գործող առաջին նախագահը, որն այց է կատարում այս քաղաք։

XS
SM
MD
LG