Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի գագաթաժողովն այս տարի իր ուշադրությունը սեւեռելու է ֆինանսական քաղաքականության վրա այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը դեռեւս կատարում է ոտքի կանգնելու փորձեր։ Գագաթաժողովը հյուրընկալող Ճապոնիան, որը համարվում է աշխարհի երրորդ ամենախոշոր տնտեսությունը, չնայած կառավարության բոլոր ջանքերին, այսօր կանգնած է տնտեսական հապաղման առջեւ։

Մեծ յոթնյակի 2Օ16 թվականի գագաթաժողովն անց է կացվելու Ճապոնիայում մայիսի 26-ից 27-ը։ Ծերացող բնակչությամբ ու արդեն մի քանի տասնամյակ առանց տնտեսական աճի այս երկիրը, եթե ժամանակին դարձել էր նախանձի առարկա աշխարհի շատ երկրների համար, այսօր փաստորեն Մեծ յոթնյակում գտնվում է ամենաաննախանձելի տեղում։

Ինչպես տնտեսական վերլուծաբաններից Մարտին Շուլցն է ասում. ՝՝Այս շուկան ընդհանուր առմամբ անկում է ապրում ու շատ դժվար է դարձել այն նորից տեղից շարժելը։ Դրա համար հարկավոր են կառուցվածքային մեծ փոփոխություններ, որոնց համար պահանջվելու է երկար ժամանակ՛՛։

Վերլուծաբաններից Շին Ֆուկուշիգեի խոսքերով էլ, Ճապոնիան, լինելով այս խնդրի առջեւ կանգնած ամենամեծ տնտեսությունը, պիտի իր ընտրած ուղով օրինակ դառնա մյուսների համար։

Երկրի վարչապես Շինզո Աբեն առաջարկում էր երեք միջոց՝ ֆինանսական աջակցության, Կենտրոնական բանկի կողմից դրամական քաղաքականության փոփոխության եւ կառուցվածքային բարեփոխումների միջոցները։ Երեք նիզակ, որոնցից ոչ մեկը չի դիպել թիրախին։

Վերլուծաբաններից Թաքուջի Օկուբոյի խոսքերով, ամենամեծ բացթողումները վարչապետը կատարել է կառուցվածքային բարեփոխումների բնագավառում։

՝՝Վերջին տարիների ընթացքում, նա չի կարողացել իրականացնել մի քայլ, որը կարելի է ՝՝բարեփոխություն՛՛ անվանել՛՛։

Տնտեսագետներն ասում են, թե կառավարությունը չի կարողացել հասնել նրան, որ քաղաքացիներն ազատ գնումներ կատարեն, քանի որ նրանք այսօր վստահ չեն ապագայի նկատմամբ։ Նրանք գտնում են, որ հարկավոր է բացասական տոկոսադրույքներ հաստատել բանկային խնայողությունների հարկերի վրա, եւ ստիպել ընկերություններին բարձրացնել աշխատավարձը։ Նրանցից շատերի կարծիքով, դա ավելի շատ հոգեբանական գործոն է, քան տնտեսական։

Իսկ Մեծ յոթնյակի գագաթաժողովից հետո բոլորի ուշադրությունը սեւեռվելու է Ճապոնիայի Կենտրոնական բանկի վրա, որի կառավարիչները հորդորում են եւս մի քանի ամիս ցուցաբերել համբերություն, երբ, նրանց համոզմամբ, տնտեսությանը զարկ տալու արդեն սկսված միջոցառումները կտան առաջին արդյունքը։ Իսկ եթե դրանից հետո էլ տնտեսության իրավիճակը չբարելավվի, Կենտրոնական բանկի կողմից ուժի մեջ կմտնեն ավելի արմատական միջոցներ։

XS
SM
MD
LG