Միացյալ Նահանգները վերջին 25 տարիների ընթացքում երբևէ այնքան հետաքրքրված չի եղել ռուսական քարոզչության դեմ պայքարելու մեջ, որքան այժմ: ԱՄՆ-ի Կոնգրեսում վերջերս ներկայացվել են արտասահմանյան, հիմնականում` Չինաստանի և Ռուսաստանի քարոզչության առաջն առնելու մի շարք օրինագծեր:
«Աթլանթիք Քաունսըլ»-ի վերլուծական կենտրոնից Ալինա Պոլիակովան փորձել է պարզաբանել, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի քարոզչության հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության աճը:
«Նկատվում է, որ թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը այժմ ավելի լուրջ են մոտենում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարին։ Այժմ ավելի հստակ են գիտակցում, թե որքան մեծ են Ռուսաստանի կառավարության ջանքերը քաղաքականության վրա ազդեցություն ունենալու մեջ ոչ միայն Կովկասում, այլ նաև` Արևմուտքում»:
Արտաքին քաղաքականության հաստատության խորհրդի անդամ Դեյվիդ Սաթթերը անդրադարձել է ռուսական քարոզչության ազդեցությանը Հայաստանում:
«Իհարկե պատմականորեն Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ համագործակցելու պատճառներ է ունեցել: Նրանք քրիստոնյա ժողովուրդ են` շրջապատված մահմեդական երկրներով: Նրանք ցեղասպանություն են ապրել։ Խորհրդային Միության կազմում նրանք որոշակի անվտանգության զգացում ունեին: Այս ամենը իհարկե բարենպաստ իրավիճակ է ստեղծում ռուսական քարոզչության համար: Սակայն ռուսական գործողությունները հաճախ ավելի բարձր են խոսում, քան բառերը: Եթե նրանք իսկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու մեջ հետաքրքրված լինեին, ապյա կողմերին զենք չէին վաճառի։ Ռուսաստանի դրդապատճառները հարցականի տակ են»:
Ալինա Պոլիակովայի խոսքերով, թե՛ ԱՄՆ և թե՛ Եվրոպան զգալիորեն հետ են մնում տեղեկատվական այս պատերազմում: Ռուսաստանը իր բյուջեից մեծ հատված է տրամադրել այս ջանքերին: Ռուսաստանն ու Չինաստանը նաեւ խստորեն վերահսկում են սեփական լրատվամիջոցները։
«Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան գտնվում են ռուսական ապատեղեկատվության նշանակետում: Ռուսաստանի ապատեղեկատվությունը մեծապես ազդում է նաև ռուսալեզու փոքրամասնությունների վրա, ովքեր բնակվում են Ռուսաստանից դուրս, օրինակ Բալթյան երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում և այլուր: 2012 թվականից ի վեր նկատվում է, թե ռուսական քարոզչությունը որքան է աճել նաև Արևմտյան երկրներում»:
Նրա խոսքերով, տեղեկատվական պատերազմական գործողությունները տեսանելի չեն, ինչի հետևանքով դրանց հասցրած վնասը լիովին չի նկատվում: