Մատչելի հղումներ

Թուրքիայում անհանգստացած են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի մտադրությամբ


Բեռլինի հարաբերությունները Անկարայի հետ կարող են մոտ ապագայում վատթարանալ, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստը հունիսին պաշտոնապես ճանաչելու Գերմանիայի խորհրդարանի մտադրությունը:

Գերմանական «Դեռ Թագեսշպիգել»-ի հաղորդմամբ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու եւ վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները: Թերթի հաղորդմամբ, Ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան եւ «Կանաչների» միությունը: Թերթը մեջբերում է նաեւ Բեռլինում Թուրքիայի դեսպանի խոսքերը, ով ասել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը լինելու է Բունդեսթագի «պատմական սխալը», քանի որ այն տեւականորեն բացասական ազդեցություն է ունենալու Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վրա:

Միեւնույն ժամանակ, իշխող կոալիցիան ներկայացնող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք ՎալթերՇթեյնմայերը «Դեռ Թագեսշպիգել»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտի Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները:

Առավել լուրջ անհանգստություն է նկատվում այս կապակցությամբ Թուրքիայում:

Թուրքական «Միլլիեթ»-ը քննադատում է Թուրքիայի կառավարությանը՝ Եվրոպայի իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ լրատվամիջոցների հետ բավարար չափով չհամագործակցելու համար: «Արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը որեւէ փորձ ձեռնարկում է այդ քվեարկությունը խափանելու նպատակով. Մենք տեղյակ չենք», - գրում է թերթը:

«Կանալ 24»-ի մեկնաբանի կարծիքով էլ, Էրդողանի հրապարակային դիրքորոշումն այս հարցում, որը բացասական է լինելու, է՛լ ավելի կզայրացնի Գերմանիայի օրենսդիրներին: «Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում այդ երկրի արտգործնախարարությանն էլ ոչինչ չի մնա, քան ճանաչել այն», - գրում է լրատվամիջոցը, հիշատակելով, որ 2015-ին Հայոց ցեղասպանության փաստը իրենց հայտարարություններում պաշտոնապես ճանաչել էին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գոքն ու խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը, սակայն խորհրդարանն ամբողջությամբ այդ մասին որոշում նախկինում չի ընդունել:

Թուրքական «Հաբերլեր»-ի մեկնաբանը ավելացնում է, որ խորհրդարանում այդ որոշման ընդունման դեպքում, թուրք-գերմանական հարաբերությունները կարող են երկար ժամանակով վատթարանալ: Լրագրողը հիշեցնում է, որ նման մի օրինագիծ Գերմանիայի խորհրդարանի օրակարգ էր մտել նաեւ 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, սակայն, այն հանվել էր օրակարգից Գերմանիայի կառավարության միջնորդությամբ:

«Հաբերլեր»-ը նաեւ հրապարակել է Գերմանիայի թուրքական կազմակերպությունների նամակը, որը ուղղել էին Գերմանիայի օրենսդիրներին եւ պաշտոնյաներին: Նամակում մասնավորապես հերքվում է Հայոց ցեղասպանության փաստը եւ ասվում, որ Օսմանյան իշխանությունները ստիպված էին տարհանել հայերին, քանի որ հայերն իբր վտանգում էին անպաշտպան թուրք կանանց եւ երեխաների կյանքը:

«Վաթան»-ը մեջբերում է Գերմանիայի խորհրդարանականներին, ովքեր ասում են, թե լավ են գիտակցում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրք-գերմանական հարաբերությունները եւ կարող է նույնիսկ բացասաբար ազդել Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ գաղթականների վերաբերյալ գործարքի վրա, սակայն ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է, որն անհնար է չափել նյութական հետեւանքներով:

XS
SM
MD
LG