Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեմոկրատները պայքարում են նախագահի թեկնածու առաջադրվելու համար


ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներսում շարունակվում է պայքարը Բերնի Սանդերսի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ՝ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու առաջադրվելու համար: Ու թեեւ Սանդերսը զգալի զիջում է Քլինթոնին, նա հայտարարել է, որ շարունակելու է առաջադրման համար պայքարը մինչեւ վերջ.

«Ուղին բարդ է լինելու, ընդունում եմ, սակայն մենք հնարավորություն ունենք դեմոկրատական համագումարից առաջ հավաքել պատվիրակների ձայների մեծամասնությունը»:

Հավակնորդների կողմնակիցների միջեւ լարվածությունը բացահայտ վեճի վերածվեց Նեվադա նահանգում անցած նախնական ընտրությունների ընթացքում: Քլինթոնը, սակայն, նախընտրում է կենտրոնանալ ընտրությունների հաջորդ փուլի վրա, մրցակցելով ոչ թե Դեմոկրատական կուսակցության ներսում այլ՝ հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ.

«Նա կարող է անձամբ իմ մասին ասել ինչ ցանկանա, սակայն ես կպաշտպանեմ ցանկացած ամերիկացու, ում վրա նա հարձակվի կամ ում վիրավորի»:

Վերլուծաբան Բիլլ Գալսթոնի խոսքով, Սանդերսին դեռեւս վաղ է պարտված համարել, հատկապես հաշվի առնելով աջակիցների լուրջ թիվը.

«Ընթացքում պարտվողները կարող են արդյունքում հաղթանակել: Մենք նույն բանի ականատեսն էինք 1992 թվականին, երբ թեկնածության առաջադրման համար պայքարում էր Բիլ Քլինթոնը»:

Լրագրող Մելինդա Հեննեբերգն ընդգծում է, որ Սանդերսին արդեն իսկ հաջողվել է մրցապայքարը դեպի սոցիալիստական ուղի տանել:

«Այս պահին նրա նպատակն է հիմնականում ազդել հարթակի վրա, ազդել Հիլարի Քլինթոնի վրա՝ նրան ձախ դիրքերում պահելով»:

Պարտության դեպքում, վերլուծաբանների կարծիքով, Սանդերսը կփոխի իր մոտեցումը եւ ստիպված կլինի աջակցել Հիլարի Քլինթոնին, որպեսզի թույլ չտա հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը, սակայն մինչ այդ Բերնի Սանդերսն անպայման կփորձի ստանալ Դեմոկրատական կուսակցության աջակցությունը.

«Նա դեռ բավականաչափ աշխատանք ունի անելու, սակայն, նույնը կարելի է ասել սենատոր Սանդերսի մասին: Ես կասեի, որ կողմնակիցներ հավաքագրելու հիմնական պատասխանատվությունն նրա, այլ ոչ թե Քլինթոնի ուսերին է ընկնում»:

Վերջին հարցումների համաձայն, նախընտրական պայքարում Թրամփի եւ Քլինթոնի առաջադրման դեպքում կողմերից յուրաքանչյուրը կունենա հաղթելու գրեթե հավասար հնարավորություն:

XS
SM
MD
LG