Մատչելի հղումներ

Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, ով երբևէ այցելել է Հիրոսիմա, որտեղ աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ է պայթեցվել: Աղետը վերապրածները նախագահից ներողություն չեն ակնկալում, սակայն հույս ունեն, որ նա կընդունի ԱՄՆ-ի կողմից օգտագործված ռումբի աղետալի հետևանքները:

1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա՝ խլելով ավելի քան 140 հազար մարդու կյանք, ներառյալ նրանք, ովքեր աղետից հետո մահացան ճառագայթման հետևանքով:

Այսօր Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում, որը գտնվում է պայթյունի էպիկենտրոնում, հիշում են նրանց, ովքեր տառապել և մահացել են պայթյունի հետևանքով:

Hiroshima
Hiroshima

Միջուկային այս ծանր փորձությունը վերապրածները, ինչպես օրինակ 79-ամյա Քեիքո Օգուրան ցանկանում են, որ նախագահ Օբաման այցելի հուշահամալիրը և ճանաչի միջուկային զենքի աղետային հետևանքները:

«Մինչ մահանալս ես ուզում եմ տեսնել նախագահ Օբամային, ոչ թե նրա ներողության համար, այլ պարզապես որպես մարդ, նայել նրա դեմքին: Մենք մարդիկ ենք և կանգնած ենք նույն հողի վրա, ուզում եմ աղոթենք մահացածների համար»:

Հուշահամալիրի ներսում գտնվող թանգարանը պահպանել է աշխարհի առաջին ատոմային ռումբի պայթյունի լուսանկարներ ու աղետի մասին պատմող արվեստի գործեր:

Հաղթանակողների տեսանկյունից ատոմային ռումբի օգտագործումը փրկել է ամերիկացի բազմաթիվ զինվորականների կյանքեր և պատերազմը շուտափույթ ավարտին է հասցրել:

Hiroshima, Japan
Hiroshima, Japan

Սակայն ռումբի պայթյունից հազարավոր անմեղ բնակիչներ են զոհվել։ Նրանց մի մասը վախճանվել է պայթյունից ամիսներ անց՝ տառապելով ճառագայթման արդյունքում ձեռք բերած քաղցկեղային տարբեր հիվանդություններով։

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըռնեսթը ասել է, որ նախագահը ներողություն չի խնդրի կատարվածի համար, սակայն այցը կօգտագործի միջուկային զենքերի կիրառումից հրաժարվելու հարցում աշխարհին քաջալերիելու համար։

XS
SM
MD
LG