Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգը եւս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Արեւմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Համապատասխան հռչակագիր է ընդունել Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս:

Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի եւ մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաեւ մեր օրերին Մերձավոր Արեւելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է.

«Ճանաչելով եւ մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաեւ անցյալի եւ ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, եւ զգոն մնում ատելության, հալածանքի եւ բռնության հանդեպ»:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի եւ Էմի Թոլիվերները կարեւոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ Համբարձում պապը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար է եղել, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել եւ գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված եւ հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում», - պատմում է Համբարձում Կասպարյանը, - «Իմ պապը շատ բարի եւ մեծահոգի մարդ է եղել: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով է ապահովել: Հույս ունեմ, որ Արեւմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պնդելով, որ այն կազմակերպված չի եղել պետական մակարդակով:

XS
SM
MD
LG