Սիրիայի ռազմական և ընդդիմադիր ուժերի միջև բախումները վերջին շաբաթներին ավելի են թեժացել՝ խախտելով հրադադարը: Շարունակվող ընդհարումները զայրացրել են Սիրիայի ընդդիմությանը, որոնք բռնությունների մեջ մեղադրում են վարչակարգին: Բանակցություններում ընդդիմության գլխավոր բանագնաց Ռիյադ Հիջաբը դիմել է Սիրիայի աջակցության միջազգային խմբին վերջին՝ ընդհարումները վերարժեքավորելու հարցով:
«Կոչ եմ անում անցկացնել Սիրիայի միջազգային աջակցության խմբի նախարարների մակարդակով մի հանդիպում՝ վերարժեքավորելու դադարեցված ռազմական գործողությունները և մարդասիրական օգնության գործընթացը»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Սիրիայի միջազգային աջակցության խմբի մի շարք նախարարներ բազմիցս քննարկել են Սիրիայում խաղաղություն հաստատելու գործընթացը: Սակայն Վաշինգտոնը ընդունում է, որ դեռևս բազում մարտահրավերներ կան:
«Ես չեմ կարծում, թե մենք այս քննարկումները կբնորոշեինք որևէ այլ կերպ, քան դժվարին ջանքեր։ Այդպես է եղել նախկինում և կշարունակի այդպես մնալ ապագայում»:
Արտաքին քաղաքականության վերլուծաբան Ադամ Էրելիի խոսքերով, ԱՄՆ-ի կամ այլ ուժերի կողմից Սիրիայի խաղաղության բանակցություններում առաջընթացի նշանները կշարունակեն թույլ մնալ, եթե ռազմահարթակում փոփոխություններ չլինեն:
«Արդյո՞ք Ասադն ու նրա աջակիցները փոխզիջման կգնան, եթե Սիրիայի ռազմադաշտում զգալի փոփոխություններ չլինեն: Եթե նրանք չգնան փոխզիջումների, ապա ընդդիմությունը որևէ կերպ չի համաձայնի պաշտոնին թողնել մի մարդու, ով պատասխանատու է Սիրիայի մոտ կես միլիոն քաղաքացիների մահվան համար»:
Ընդհանուր առմամբ վերլուծաբանների խոսքերով, թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը չեն ընդունում քաղաքական հաշտեցման տարբերակը: Հակամարտող կողմերը դեռևս պատրաստ չեն համաձայնության: