Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգն անվանում են «խեցգետինների համաշխարհային մայրաքաղաք»


Լուիզիանա նահանգում պնդում են, որ խեցգետիններ սպառելու եւ բուծելու մշակույթն այստեղ զարգացել է դարեր առաջ:
Լուիզիանա նահանգում պնդում են, որ խեցգետիններ սպառելու եւ բուծելու մշակույթն այստեղ զարգացել է դարեր առաջ:

Խեցգետիններ սիրում ու ճաշակում են ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ հեռավոր Լուիզիանա նահանգում: Խեցգետինը նույնիսկ դարձել է նահանգի խորհրդանիշ: Լուիզիանայի նահանգապետ Բիլլի Նանգեսերի խոսքով, խեցգետնի բուծումն ու սպառումը ավանդույթից վերածվել է խոշոր բիզնեսի.

«Այսօր դա մի բիզնես է, որը տարեկան 300 միլիոն դոլարի եկամուտ է բերում: Ավելին, խեցգետիններ բուծելու համար հավելյալ տարածքներ պետք չէ ունենալ, դա արվում է հենց բրնձի դաշտերում»:

Բրնձի մշակմամբ եւ խեցգետինների բուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Մայքըլ Ֆրաջը պատմում է նույն հողատարածքից կրկնակի եկամուտ ստանալու գաղտնիքների մասին.

«Գարնանը բրինձ մշակելուց հետո, ամռանը մենք բրնձի դաշտերին խեցգետիններ ենք ավելացնում, եւ երբ մեր բախտը բերում է, նոյեմբերից հունվար հավաքում ենք խեցգետինների «բերքը»:

Լուիզիանայի հանրահայտ խեցգետինը Միացյալ Նահանգներում դարձել է ոչ թե սոսկ սնունդ, այլ նաեւ՝ ժամանցի կարեւոր պարագա:

«Երբ այլ տեղերում խոսում ես «խեցգետնի կիրակի» կազմակերպելու մասին, մարդիկ քեզ չեն հասկանում, սակայն Լուիզիանայում բոլորն են հասկանում ինչի մասին է խոսքը», - պատմում է նահանգապետ Նանգեսերը:

Լուիզիանայի բազմաթիվ խոհարարներ նույնիսկ մասնագիտանում են խեցգետիններից ուտեստներ պատրաստելու գործում: Այդ խոհարարներից մեկը՝ Քոդի Քարոլը, պատմում է խեցգետին պատրաստելու համար իր սիրած համեմունքների մասին.

«Դա հնդկական համեմունքի, համեմի, նեխուրի եւ շատ կծու կայնեյան բիբարի խառնուրդն է»:

Լուիզիանայում խեցգետինները մատուցվում են եգիպտացորենով եւ սնկով: Հասուն լուիզիանցին միանգամիցսովորաբար ուտում է մեկ կիլոգրամից ավելի խեցգետին: Հաշվի առնելով խեցգետինների մեծ ժողովրդականությունը՝ Լուիզիանան հաճախ անվանում են «խեցգետինների համաշխարհային մայրաքաղաք»:

XS
SM
MD
LG