Մատչելի հղումներ

Միջնորդներ․ «Հիմնական խնդիրը կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է»


«Ազատոււթյուն ռադիոկայան». Նանե Սակակյան

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շաբաթ օրը երեք միջնորդների երևանյան համատեղ մամլո ասուլիսում հիշեցրեց, որ իրենք բազմիցս են հայտարարել «որոշակի փուլում Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու» մասին, ինչպես նախկինում էր:

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության համաձայնագրի կնքմանը նախորդող շրջանակային պայմանավորվածության ձեռքբերումը կարող է դրա մեկնակետը հանդիսանալ։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների առարկա է»,- ասաց Պոպովը։

Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում ունեցած հանդիպումներից հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվող ՄԽ համանախագահները վստահեցրին՝ վերջին օրերին իրենց առաջնահերթ նպատակները կողմերին իրավիճակի կայունացման հարցում օգնելն էր և նպաստելը, որ ռազմական գործողությունների չկրկնվելուն միտված քայլեր ձեռնարկվեն: Իսկ իրենց հիմնական խնդիրը կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է, հայտարարեցին ամերիկացի, ռուս և ֆրանսիացի դիվանագետները:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ներառում հետաքննություն անցկացնելու պարտավորություն՝ ճշտելու համար, թե ով է առաջինը սկսել և ով է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման համար։ Մեր զրույցների հիմնական եզրակացությունն այն էր, որ կողմերը մտադիր են, առնվազն ցուցաբերում են պատրաստակամություն՝ պահպանելու հրադադարը, որը ձեռք է բերվել երեքշաբթի օրը Մոսկվայում»,- ասաց Պոպովը։

Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց օրակարգում չկա, ասուլիսի ժամանակ հայտարարեցին համանախագահները, հավելելով, որ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարց ևս չեն քննարկում։ «Ենթադրվում է, որ խաղաղապահ գործողությունը պետք է իրականացվի կարգավորման եզրափակիչ փուլում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»,- հավելեց ռուս միջնորդը։ Նա նաև վստահեցրեց՝ գոյություն չունի որևէ նոր փաստաթուղթ, կամ, այսպես կոչված՝ Լավրովի առաջարկներ, շրջանառվում են միայն համանախագահների՝ վերջին տարիներին քննարկված առաջարկները:

«Դրանք հիմնված են երեք հիմնական սկզբունքների վրա, 6 բաժիններով, որոնց մասին մեկ անգամ չէ, որ միջնորդ երկրների նախագահները խոսել են։ Այդ սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը»,- ասաց միջնորդը:

Համանախագահները նաև հայտարարեցին, որ խորապես մտահոգված են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Ասացին, որ տեսել են Թալիշում արված լուսանկարները։ Վստահեցրեցին նաև, որ իրենց հրատապ խնդիրներից է՝ հնարավորինս կարճ ժամկետներում լուծել զոհվածների մարմինների վերադարձման հարցը։

XS
SM
MD
LG