Մատչելի հղումներ

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները


ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին:

ԼՂ-ում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման քննարկելիս՝ բազմիցս խոսվում է լարված այս իրավիճակի հետ կապված Ռուսաստանի շահերի, դերի և իհարկե՝ հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին:

«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար-Իլան Համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնից Ալեքսանդր Մուրինսոնը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր դերի հավակնություններ ունի և փորձում է հստակեցնել ԼՂ-ում հայկական ուժերի մասին իր դիրքորոշումը: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից զինամթերքի ձեռք բերման աղբյուրներին:

Armenian soldiers patrol on a tank near the village of Madaghis
Armenian soldiers patrol on a tank near the village of Madaghis

«Ինչպես գիտենք, Ռուսաստանը զենք է վաճառում երկու հակամարտող երկրներին, սակայն տարբերությունն այն է, որ Ադրբեջանը շուկայական գներով է ձեռք բերում այդ զինամթերքը, ինչի համար ծախսել է 2 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ է վերցրել նմանատիպ ռազմական զենքեր գնելու նպատակով: Կարևոր է նշել նաև, որ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները և դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին: Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, այն ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի»:

Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել է Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու թեմային, նշելով, որ այդ հանգամանքը միշտ էլ իրենց համար մտահոգիչ է եղել:

German Chancellor Angela Merkel & Russian President Vladimir Putin
German Chancellor Angela Merkel & Russian President Vladimir Putin

«Մենք կոչ էինք արել բոլոր երկրներին, ոչ միայն Մինսկի համանախագահող երկրներին, այլ ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանին զենք չվաճառել: Քանի որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պարզ ասում էր իր տեսակետները և ասում էր, թե ինչ էր մտադիր անել այդ զենքի հետ: Մենք շարունակելու ենք մեր կոչերը և հույս ունենք, որ այդ կոչերը ավելի ընկալելի կդառնան, քանի որ այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է և շատ հեշտ կարող է բերել աղետի և մեծ ողբերգության»:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքը, այս թեմային անդրադառնալիս, նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ հակամարտող կողմերին զենք վաճառելուց հրաժարվել:

Azerbaijan tanks move toward Agdam
Azerbaijan tanks move toward Agdam

«Համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենալու։ Ռուսաստանը չի դադարեցնելու զենքի վաճառքը կողմերին, քանի որ առաջին հերթին, Ռուսաստանում ռազմաարդյունաբերական լոբբին շատ ազդեցիկ է : Դրանից բացի, եթե նրանք զենք չվաճառեն կողմերին, ապա նրանց տեղը կարող է գրավել մեկ ուրիշը, և Ռուսաստանը կզրկվի կողմերի վրա զենքի վաճառքի միջոցով ազդեցության լուրջ լծակից»:

Հիշեցնենք, որ Գերմանիայում, որը 2016-ին ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը, Հայաստանի նախագահը քննարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Սերժ Սարգսյանը հայտարարել է որ, հայ ժողովուրդը ցավ է զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մեկնաբանելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի հետ բախումների ընթացքում հայերի մեծ մասը սպանվել է հենց ռուսական զենքով:

XS
SM
MD
LG