Մատչելի հղումներ

Ամերիկացի փորձագետի կարծիքը` ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերաբերյալ


ԱՄՆ-ը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղ համաձայնագիր կնքել, հայտարարում է վերլուծաբան Սթիվեն Բլանքը

ԱՁ. Ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկա իրավիճակը:

- Այդ սադրանքներն ու պատահարները դառնում են ավելի ու ավելի լայնածավալ եւ բռնի եւ վերջին երկու տարիներին դրանց թիվն ավելացել է: Դա ազդարարում է, որ իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում:

Չնայած հրադադարի մասին Ադրբեջանի հայտարարություններին, բախումները շարունակվում են երկու կողմից, եւ ստեղծվել է չափազանց վտանգավոր իրավիճակ, որը թեեւ կհանդարտվի Մոսկվայի, Վաշինգտոնի, եւ ընդհանրապես արտաքին ճնշման տակ հաջորդ 24 ժամվա ընթացքում, սակայն կարող է կրկնվել: Խնդիրն այն է, որ նման բախումների թիվն ավելանալու է եւ մի օր կհասնի կետի, երբ ոչ ոք ի վիճակի չի լինի այլեւս հանդարտեցնել իրավիճակը:

Այս վիճակը կողմերից եւ ոչ մեկի շահերից չի բխում: Չի բխում նույնիսկ Ադրբեջանի շահերից, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ գնով մի քանի գյուղ են իրենց հսկողության տակ վերցրել: Այս իրավիճակի միակ ելքը իրական բանակցված կարգավորումն է:

ԱՁ. Ո՞ւմ է ձեռնտու իրավիճակի սրումը:

- Իրականում, միակ կողմը, որը շահում է տեւական հակամարտությունից, լինի այն սառեցված հակամարտություն, թե թեժացող բախումներ, միակ շահող կեղմը Ռուսաստանն է: Ռուսաստանի քաղաքականության համաձայն, հակամարտության չլուծված կարգավիճակը թույլ է տալիս վարպետորեն շփոթեցնե ինչպես Ադրբեջանին, այդնես էլ՝ Հայաստանին, որտեղ այն կարող է ռազմաբազան ուժեղացնել: Դրանից բացի, Ռուսաստանը շարունակում է երկու կողմին էլ զենք վաճառել, մեծ գումարներ աշխատելով եւ երկու կողմերին էլ դարձնելով իրենից կախյալ:

Այսպիսով, Ռուսաստանն է միակ կողմը, որը օգուտ է քաղում այս բռնություններից: Կա եւս մի կողմ, որը հույս ունի, որ եթե սրի իրավիճակը, աշխարհին կստիպի իրենց խնդիրներին լուրջ վերաբերվել: Դա տեղի չի ունենա, պետք է տեղի ունենար, բայց՝ չի լինելու:

ԱՁ. Որո՞նք են խնդրի լուծման ճանապարհները:

- Խնդրի իրական լուծումը բանակցային կարգավորումն է: Հիմա տեսեք, Մինսկի խումբն անօգուտ է, քանի որ դրա համանախագահներից մեկը` Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտությունը չլուծված կարգավիճակով պահպանելու մեջ: Կամ էլ, եթե այնուամենայնիվ կարգավորի հակամարտությունը, ապա կանի դա այնպես, որ կվտանգի եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի ինքնիշխանությունը:

Այսպիսով, միակ իրական ուղին այն է, որ ԱՄՆ-ի նախագահը, լինի պրն. Օբաման կամ հաջորդ նախագահը, բանակցություններ նախաձեռնի, ինչպիսիք օրինակ նախաձեռնվել էին Քեմփ Դեյվիդում շուրջ 40 տարի առաջ, երբ հաջողվեց հաշտեցնել Եգիպտոսին ու Իսրայելին: Այսպիսով, անհրաժեշտ է նախագահ Սարգսյանին եւ նախագահ Ալիեւին Միացյալ Նահանգներ հրավիրել եւ նրանց համոզել, մինչեւ որ նրանք հանդես կգան համատեղ խաղաղ պայմանագրով:

ԱՁ. Նման հեռանկարն իրատեսակա՞ն է:

- Նախագահ Օբաման, ում մնացել է շուրջ կես տարի նախագահելու ժամանակ, դժվար թե դա անի, սակայն, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում, կարող է մեծ դեր խաղալ խնդրի կարգավորման համար: Որպեսզի դա տեղի ունենա, կարեւոր է, որ մասնագետները դիմեն Սպիտակ տուն, բացատրեն նոր նախագահին, թե իրականում որքան բարձր են խաղադրույքները: Այս խնդիրը սոսկ Հայաստանին եւ Ադրբեջանին չի վերաբերում, այլ իր մեջ է ներառում նաեւ Ռուսաստանը, Թուրքիան, Մերձավոր Արեւելքը, սեւծովյան տարածաշրջանը: Կովկասում եւս մեկ լայնածավալ պատերազմ չի կարելի թույլ տալ: Այսպիսով, անհրաժեշտ է խնդիրը կարգավորել՝ թույլ չտալով, որ այն հսկողությունից վերջնականապես դուրս գա: Կարգավորման համար անհրաժեշտ է հետեւյալ խնդիրների լուծումը, այդ թվում. ԼՂ-ի ապագա կարգավիճակը, ԼՂ-ի կազմի մեջ չմտնող ադրբեջանական մյուս տարածքների վերադարձը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը:

ԱՁ. Բախումների հետեւանքով հնարավո՞ր է, որ Ռուսաստանը դադարեցնի կամ սահմանափակի կողմերին զենքի վաճառքը:

- Համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենալու. Ռուսաստանը չի դադարեցնելու զենքի վաճառքը կողմերին, քանի որ, առաջին հերթին` Ռուսաստանում ռազմաարդյունաբերական լոբբին շատ ազդեցիկ է: Դրանից բացի, եթե նրանք զենք չվաճառեն կողմերին, ապա նրանց տեղը կարող է գրավել մեկ ուրիշը եւ Ռուսաստանը կզրկվի կողմերի վրա զենքի վաճառքի միջոցով ազդեցության լուրջ լծակից:

XS
SM
MD
LG