Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում զուգադիպությունները չափազանց շատ են


Armenian fighter carries Kalashnikov

Արդյո՞ք հրադադարի խախտման ժամանակը ծրագրված էր, ու՞մ էր այն ձեռնտու և ի՞նչ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը ընդգրկվեր Ադրբեջանի կազմում: Այս հարցերին են պատասխանում ԱՄՆ-ի վերլուծաբանները:

Միացյալ նահանգերի մասնագետները «Ամերիկայի Ձայնի»-ի հետ հարցազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակի պատճառներին և հիմնախնդրի հնարավոր լուծումներին:

«Ամերիքըն Էնթերփրայզ Ինսթիթութ» վերլուծական կենտրոնի մասնագետ Մայքըլ Ռուբինի կարծիքով, սառած հակամարտությունները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են ռազմական գործողությունների տեսքով, ինչը և պատահեց Լեռնային Ղարաբաղի դեպքում: Վերլուծաբանը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնում է իր տեսանկյունն այն մասին, թե արդյո՞ք հրադադարի խախտման ժամանակը ծրագրված էր, թե՞ զուգադիպություն:

Nuclear Security Summit, Friday, April 1, 2016
Nuclear Security Summit, Friday, April 1, 2016

Մայքըլ Ռուբինի խոսքերով,- «Զուգադիպությունները չափազանց շատ են: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահը ճամփորդել է և Լեռնային Ղարաբաղի սահմանին հրադադարի խախտումներ են սկսվել: Վաշինգտոնում միջազգային ղեկավարների մասնակցությամբ խոշոր ծրագրի ժամանակ իրադարձությունների բռնկումը, միգուցե Հայաստանի և Ադրբեջանի համար հիշեցում է այն մասին, որ նրանք պետք է ուշադիր լինեն, թե ի՞նչ է մտածում Վլադիմիր Պուտինը, այլ ոչ թե դիվանագիտական ուշադրությունը կենտրոնացնեն դեպի Վաշինգտոն»:

Ռուբինի կարծիքով, ցանկացած ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկում է լինում, Ռուսաստանի դերը դիվանագիտորեն ավելի է բարձրանում: Ոչ այնքան Հայաստանի դեպքում, քանի որ այս երկու երկրների հարաբերությունները դրական են, որքան Ադրբեջանի դեպքում՝ նրանց հիշեցնելով, որ անհրաժեշտ չէ Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ շատ մտերմանալ, քանի որ տարածաշրջանում պետք է անհանգստանալ Ռուսաստանի դերի մասին:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքն էլ այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը չի կառավարվում ոչ մի կոնկրետ երկրի կողմից, և այս տարածաշրջանում պարզապես այն կարծիքն է տիրում, որ նման տիպի գործողությունները դավադրաբար են կազմակերպվում:

Armenian fighters in Nagorno Karabakh
Armenian fighters in Nagorno Karabakh

Նրա խոսքերով,- «Թուրքիան այս իրավիճակից ոչինչ չի շահում։ Կարծում եմ, նրանք դրա հետ նույնիսկ կապ չունեն: Ես կասեի, որ եթե այս հակամարտությունից շահող կա, ապա դա Ռուսաստանն է: Ռուսատանի շահերից բխում է, որ այս հակամարտությունը շարունակվի, որպեսզի այն կարողանա վարպետորեն շահարկել թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին»:

«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին թե ի՞նչ ապագա կունենար Լեռնային Ղարաբաղը, եթե այն լիներ Ադրբեջանի իշխանության տակ, արդյո՞ք քրիստոնյա ազգի համար վտանգավոր չէր լինի բնակվել մահմեդական երկրում, Մայքըլ Ռուբինը պատասխանում է, որ անշուշտ կլինեին բարդություններ:

«Եթե Լեռնային Ղարաբաղը հայտնվեր Ադրբեջանի տրամադրության տակ, ապա Հայաստանի անհանգստությունը լիովին տեղին կլիներ: Միանշանակ, տարածաշրջանի բնակչության պաշտպանության և երաշխավորության կարիք կլիներ»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը Սթիվեն Բլանքը թերահավատորեն է մոտենում: Նրա կանխատեսմամբ, եթե բանակցությունների միջոցով հարցին շուտափույթ լուծում չտրվի, ապա այս հակամարտությունը կարող է պատերազմի վերածվել: Մինչդեռ Մայքըլ Ռուբինի կարծիքով, այս դրությունը առնվազն մեկ տասնամյակ լուծում չի ստանա՝ մնալով դիվանագիտական քննարկումների և ժամանակավոր հրադադարի փուլում:

XS
SM
MD
LG