Մատչելի հղումներ

՝՝Արդյո՞ք այս բախումները չեն վերաճի ավելի լայնածավալ գործողությունների


՝՝Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները պարզապես անցած տարիներին գրանցված բախումների շարունակությունն էր, թե՞ այն մոտ ապագայում ավելի լայնածավալ գործողությունների սկիզբն է՛՛։ Այս մասին է զրույցը ամերիկացի վերլուծաբան Ուեյն Մերրիի հետ

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետներից Ուեյն Մերրին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, թե անցած տարիները ցույց են տվել, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերն աստիճանաբար կիրառում են ավելի ու ավելի ծանր զենքեր։

՝՝Եվ սա մտահոգիչ է, քանի որ առաջ է բերում հետեւյալ հարցը, արդյո՞ք ապագայում բախումներն ավելի լայնածավալ չեն լինի՛՛։

Նոր այս բախումների գլխավոր պատճառը նա կապում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը առկախ մնալու փաստի հետ։

՝՝Մեծ տարակուսանք կա Ադրբեջանում, որ Ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցում չի գրանցվել նույնիսկ ամենաչնչին առաջընթաց։ Մյուս կողմից, Ադրբեջանի ներքին խնդիրները նույնպես դարձել են մեծ պատճառ։ Տնտեսությունն աստիճանաբար անկում է ապրում նավթի գների հետ միասին։ Բացի այդ, Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարեւաններից նաեւ Ռուսաստանի ու Իրանի հետ։ Եվ հիմա Ադրբեջանի իշխանությունները ուզում են ցույց տալ, որ այս սառեցված հակամարտությունը փաստորեն սառեցված չէ, եւ որ այս պահին ընտրության միակ մեթոդը ռազմական գործողություններ սկսելն էր՚՚։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու Հայաստանի նախագահի հայտարարությանը՝ վերլուծաբանը նշում է, որ այս հայտարարությամբ Երեւանը ցանկանում է ցույց տալ, որ ռազմական գործողությունների համար ունի ոչ ռազմական պատասխան։

  • Սակայն Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում որոշ խնդիրներ առաջ կգան ԱՄՆ-ի ու ասենք Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերություններում։ Եվ այն նաեւ կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ ռազմական իր գործողություններն արդարացնելու համար՚՚։

Ամերիկացի վերլուծաբան Ուեյն Մերրիի խոսքերով, ինքը տեղեկություններ ունի, որ ռազմական համակարգված գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան ու հարավային հատվածների՝ միաժամանակ։ Ինչ վերաբերում է երկու կողմերի իրարամերժ հայտարարություններին, դրանք դժվար է հաստատել, քանի որ տեղում գտնվող միջազգային սահմանափակ թվով դիտորդները չունեն այդ հատվածներ մուտք գործելու հնարավորություն։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին, թե այս ընթացքում Արեւմուտքն արդյոք ինչ որ բանում թերացել է, Ուեյն Մերրին պատասխանում է, որ ինքը ճանաչել է ու ճանաչում է Մինսկի խմբի բոլոր համանախագահներին ու ԱՄՆ-ի բոլոր դեսպաններին, ու գիտի որ նրանք արել են հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը հարթելու համար։

՝՝Բայց չպետք է մոռանալ, որ նրանք ոչ թե բանագնացներ են, այլ միջնորդներ։ Իսկ միջնորդները չեն բանակցում։ Բանակցում են հակամարտության կողմերը։ Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Հեյդար Ալիեւի հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում կողմերը երբեք չեն էլ բանակցել։

ԱՄՆ-ը ակնհայտորեն ունի դիվանագիտական ու քաղաքական ազդեցություն Բաքվի ու Երեւանի վրա, սակայն չունի այնքան ազդեցություն, որքան Անկարան կամ Մոսկվան։ Այդ պատճառով այժմ ստեղծվել է դժվար մի կացություն, երբ լարված են հարաբերությունները Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ։ Այս առումով Ամերիկան կարող է պարզապես խոսել իր դաշնակից Թուրքիայի ու Ռուսաստանի իր գործընկերների հետ, տեսնելու համար, թե ինչ կարող են նրանք անել որպես տարածաշրջանային հզոր երկրներ։

Ամերիկան գերհզոր պետություն է, բայց այն շատ հեռու է այս տարծաշրջանից։ Այստեղ ավելի մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանային երկրները։

Հիմա սակայն ամենագլխավոր հարցը հետեւյալն է. ՝՝Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները պարզապես անցած տարիներին գրանցված բախումների շարունակությունն էր, թե՞ մոտ ապագայում ավելի լայնածավալ գործողությունների սկիզբ՛՛։

XS
SM
MD
LG