Մատչելի հղումներ

Պետքարտուղարություն. Ղարաբաղում խաղաղության հաստատումը առաջին հերթին Սարգսյանի ու Ալիեւի գործն է


"Երկու պետությունների առաջնորդների գործն է, գտնել քաղաքական կամք՝ խաղաղություն ու հրադադար հաստատելու համար"
"Երկու պետությունների առաջնորդների գործն է, գտնել քաղաքական կամք՝ խաղաղություն ու հրադադար հաստատելու համար"

Ամերիկայի փորձագետները կոչ են անում Միացյալ Նահանգների իշխանություններին ավելի ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղ բանակցությունների գործընթացում՝ իրական խաղաղ համաձայնագրի հասնելու համար:

Լեռնային Ղարաբաղի շրջանում ստեղծված հակամարտության պայմաններում խաղաղություն հաստատելու հիմնական պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վրա, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը.

«Ի վերջո, այս երկու պետությունների առաջնորդների գործն է, գտնել քաղաքական կամք՝ խաղաղություն ու հրադադար հաստատելու եւ այս ընթացող հակամարտությունն ի վերջո տեւական խաղաղությամբ ավարտելու», - ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները:

Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոների խոսքով, Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, իր կողմից պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը.

«Կարեւոր է, որ առաջին հերթին բռնությունները դադարեցվեն: Մենք չենք ցանկանում տեսնել իրավիճակի սրում, ընդհակառակը` ցանկանում ենք հրադադարի վրադարձ»:

Ամերիկացի փորձագետների խոսքով, թեեւ բախումների ներկա փուլը հավանաբար կավարտվի մոտ օրերին, իրադարձությունների օրինաչափությունը ցույց է տալիս, որ բախումներն աստիճանաբար լայնածավալ են դառնում:

«Չնայած հրադադարի մասին Ադրբեջանի հայտարարություններին, բախումները շարունակվում են երկու կողմից եւ ստեղծվել է չափազանց վտանգավոր իրավիճակ, որը թեեւ կհանդարտվի արտաքին ճնշման տակ հաջորդ 24 ժամվա ընթացքում, սակայն կարող է կրկնվել», - ասում է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը:

Վերլուծաբան Ուեյն Մերիի խոսքերով, բախումների գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի տնտեսական անկման պայմաններում ժողովրդի զայրույթն է.

«Ադրբեջանի ներքին խնդիրները նույնպես դարձել են մեծ պատճառ։ Տնտեսությունն աստիճանաբար անկում է ապրում նավթի գների հետ միասին։ Այդ պատճառով այս պահին Ադրբեջանում ընտրության մեթոդը ռազմական գործողություններ սկսելն էր»։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու հեռանկարին, ապա վերլուծաբանը նշում է, որ Երեւանը ցանկանում է ցույց տալ, որ ռազմական գործողությունների համար ունի ոչ ռազմական պատասխան.

«Սակայն, Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում որոշ խնդիրներ առաջ կգան ԱՄՆ-ի ու ասենք Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերություններում։ Այն նաեւ կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ ռազմական իր գործողություններն արդարացնելու համար»։

Սթիվեն Բլանքի կարծիքով, ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլիներ Միացյալ Նահանգների կողմից խնդրի կարգավորման նախաձեռնության ստանձնումը, ինչպես դա արել էր Քեմփ Դեյվիդում Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ խաղաղություն հաստատելու համար:

«Նախագահ Օբաման, ում մնացել է շուրջ կես տարի` նախագահելու ժամանակ, դժվար թե դա անի, սակայն, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում, կարող է մեծ դեր խաղալ խնդրի կարգավորման համար», - ասում է Բլանքը:

Ղարաբաղում իրավիճակի շուրջ հայտարարություններ են տարածել նաեւ ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին: Կենգրեսականներից Բրեդ Շերմանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ աղոթում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար եւ նախատեսում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն վերահաստատելու նպատակով:

XS
SM
MD
LG