Մատչելի հղումներ

Ուժեղ բախումներ են սկսվել հայ-ադրբեջանական շփման գծում


Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սկսված գործողությունների արդյունքում երկու կողմից առնվազն տասնյակ զոհեր են գրանցվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իր բանակը “ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ ու բնակավայրեր”: Ըստ ադրբեջանական հաղորդագրությունների, “ոչնչացվել է հայկական հինգ հրասայլ ու սպանվել ավելի քան 1ՕՕ զինվորական”: Նույն հաղորդագրության համաձայն, ադրբեջական կողմից կա 12 զոհ:

Ղարաբաղի պաշտպանական բանակը հաղորդում է սակայն, որ ադրբեջանական բանակից ընդհանուր առմամբ կա ավելի քան 2ՕՕ սպանված: Նույն հաղորդագրության համաձայն, միայն Թալիշի շրջանում ադրբեջանցի առնվազն 3Օ զինվորական է սպանվել: Հայկական կողմը Մարդակերտի շրջանում ոչնչացրել է երկու հրասայլ, անօդաչու թռչող սավառնակ եւ մեկ ուղղաթիռ:

Մարտերն առավել կատաղի են հարավարեւելյան ուղղությամբ: Կիրառելով զրահատեխնիկան, այդ թվում` BM-21 Գրադ տիպի հրթիռանետներ` ադրբեջանցիները թիրախի տակ են առել ոչ միայն Ղարաբաղի պաշտպանական դիրքերը, այլ նաեւ խաղաղ բնակատեղիները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է կողմերին անմիջապես հարգել 1994 թվականի հրադարարի մասին համաձայնագիրը, ցուցաբերել զսպվածություն` մարդկային կորուստներ թույլ չտալու համար: Իրենց հայ ու ադրբեջանցի պաշտոնակիցների հետ են հեռախոսով զրուցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Մի քանի օր առաջ` չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հանդես էր եկել հայ-ադրբեջանական հակամարտությանը “վերջնական լուծում” գտնելու կոչով:

XS
SM
MD
LG