Մատչելի հղումներ

Միջուկային անվտանգության գագաթաժողովը մեկնարկել է Վաշինգտոնում


Վաշինգտոնում իր աշխատանքն է սկսել նախագահ Օբամայի նախաձեռնությամբ հրավիրված Միջուկային անվտանգության գագաթաժողովը
Վաշինգտոնում իր աշխատանքն է սկսել նախագահ Օբամայի նախաձեռնությամբ հրավիրված Միջուկային անվտանգության գագաթաժողովը

Վաշինգտոնում նախագահ Օբամայի նախաձեռնությամբ մեկնարկել է գագաթաժողովը, որի ընթացքում ավելի քան 50 երկրների ղեկավարներ քննարկելու են միջուկային անվտանգության ապահովման հեռանկարները:

Գագաթաժողովի առաջին օրը սկսվեց Բարաք Օբամայի կողմից Սպիտակ տանը կազմակերպված աշխատանքային ընթրիքից եւ Nuclear Expo ցուցահանդեսից, որի ընթացքում պետական հաստատություններն ու մասնավոր ընկերությունները ներկայացնում էին միջուկային ոլորտի ձեռքբերումները: Մասնավորապես, ներկայացվել էին ատոմակայաններում միջուկային արտանետումների ծավալների նվազեցման ոլորտում նորարարություններ: Այս տարվա ցուցահանդեսում ներկայացվել էին նաեւ միջուկային նյութերի երկրորդական կիրառման հեռանկարները: Այսպես, ատոմակայաններում օգտագործվելուց հետո, միջուկային նյութերը կարող են կրկնակի օգտագործվել բժշկության ասպարեզում:

Հինգշաբթի օրը գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոնում նաեւ բազմաթիվ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում նախագահ Օբաման մասնավորապես ընդգծել է, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը միասնական դիրքորոշմամբ են հանդես գալիս՝ քննադատելով Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումները:

Վաշինգտոնում տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ժողովրդավար, բարգավաճ եւ անվտանգ Հայաստանի զարգացմանը, որը խաղաղության մեջ է բոլոր հարեւանների հետ: Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին Հայաստանում սիրիացի ավելի քան 20,000 փախստական ընդունելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է արտահայտել շարունակվող բռնությունների կապակցությամբ, կոչ արել շարունակել երկխոսությունը եւ կարեւորել համապարփակ կարգավորման նշանակությունը տարածաշրջանի երկարատեւ կայունության, անվտանգության եւ բարգավաճման համար:

Փոխնախագահ Բայդենը հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ում, Wall Street Journal թերթի հաղորդմամբ, հրաժարվել էր հանդիպել նախագահ Օբաման:

Ի դեպ, Վաշինգտոնում հինգշաբթի օրը միջադեպ էր գրանցվել Էրդողանի անվտանգության եւ ամերիկյան կողմի միջեւ: Մասնավորապես, Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները փորձել էին խանգարել ցուցարարներին, ովքեր բողոքի էին դուրս եկել Բրուքինգզ հաստատության առջեւ, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը: Ամերիկյան կողմի ներկայացուցիչները սակայն անմիջապես միջամտել են եւ հայտարարել Էրդողանի անվտանգության աշխատակիցներին, որ եթե նրանք ձեռքով դիպչեն որեւէ ցուցարարի, անմիջապես կհեռանան այդ վայրից:

Բուն գագաթաժողովի օրակարգում երեք հիմնական հարց է՝ միջուկային ահաբեկչության բացառումը, աշխարհում միջուկային զենքերի նվազեցումը եւ միջուկային անվտանգության ապահովմամբ զբաղվող համացանցի ստեղծումը: Գագաթաժողովի ապագան պարզ կլինի միայն մյուս տարի, երբ Սպիտակ տունն ունենա նոր նախագահ: Աակայն արդեն այսօր միանշանակ կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է ղեկավարել միջուկային անվտանգության ապահովման նախաձեռնությունները:

XS
SM
MD
LG