Մատչելի հղումներ

Վաշինգտոնը քայլ է անում Մոսկվային ընդառաջ


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Եկել է Սիրիայում իրական անցում ապահովելու ուղղությամբ լուրջ աշխատանք սկսելու ժամանակը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, որը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Սիրիայի եւ ամբողջ տարածաշրջանի մարդիկ հնարավորություն են ստացել վայելել մարդասիրական օգնությունն ու բռնության զգալի նվազումը», - նշել է Քերրին:

Պետքարտուղար Քերրիի խոսքով, Սիրիայում Ռուսաստանի զորքերի թվակազմի նվազման մասին Վլադիմիր Պուտինի որոշումը վճռական էր։ Այժմ ժամանակն է երկրում վճռական անցում ապահովել:

Ռուսաստանի Դաշնության նախագահն իր կողմից կարեւորել է Միացյալ Նահանգների դերը Սիրիայում խաղաղության հաստատման գործում.

«Մենք գիտակցում ենք, որ սիրիական ուղղությամբ մեր ձեռքբերումները հնարավոր էին միայն Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Օբամայի դիրքորոշման շնորհիվ»:

Երկու կողմերն էլ ընդգծել են, որ Սիրիայում իրական քաղաքական անցում ապահովելու եւ խաղաղություն հաստատելու համար պահանջվելու է լուրջ եւ բարդ աշխատանք:

ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Ռուսաստանի նախագահը նաեւ քննարկել են Ուկրաինայում առաջընթաց գրանցելու ճանապարհները եւ մի շարք այլ հարցեր: Պետքարտուղար Քերրիի խոսքով, ժամանակն է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ապացուցեն, որ կարող են միասնաբարլուրջ խնդիրներ կարգավորել.

«Ես ակնկալում եմ այս հնարավորությունն օգտագործել՝ առաջընթաց գրանցելու համար եւ անկեղծ ասած, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի վերակառուցել եւ ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ»:

Ջոն Քերրիի խոսքով, կողմերին անհրաժեշտ է խորացնել արձանագրված դրական համագործակցությունը բոլոր ուղղություններով: Մասնավորապես, վերլուծաբանների խոսքով, Միացյալ Նահանգներն ակնկալում է Մոսկվայից, Սիրիայում զորքերի թվակազմը կրճատելուց հետո, պարզաբանել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմությունը երկրում ազատ ընտրություններ է պահանջում:

XS
SM
MD
LG