Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը պատրաստվում է Միացյալ Նահանգներ այցելել


Սերժ Սարգսյանի առաջիկա աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ մեծ ակնկալիքներ է առաջացրել տեղի հայ համայնքի շրջանում:
Սերժ Սարգսյանի առաջիկա աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ մեծ ակնկալիքներ է առաջացրել տեղի հայ համայնքի շրջանում:

Հաշվված օրեր են մնացել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցին Միացյալ Նահանգներ: Նախագահ Սարգսյանի այցը սկսվելու է Բոստոնում, որտեղ նա հանդիպումներ է անցկացնելու առաջատար համալսարաններում, Հարվարդում եւ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտում՝ MIT-ում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաեւ տաղանդավոր հայ երիտասարդներին ԱՄՆ-ում կրթություն ապահովելու անցյալ եւ ապագա ծրագրերը.

«Մի աստղաբույլ է ակնկալվում, որը կհավաքվի MIT-ի սրահներից մեկում՝ նշելու հայ գիտնականների նվաճումները»:

«Լույս» հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ում կրթություն ստացած Հայկ Տեր-Ներսիսյանի կարծիքով, անհրաժեշտ է ավելի համակարգված հարաբերություններ հաստատել Հայաստանի կառավարության եւ «Լույս» հիմնադրամի շրջանավարտների միջեւ.

«Սրանք այն ուսանողներն են, ովքեր ապագա լիդերներն են դառնալու ամենատարբեր ասպարեզներում»:

Բոստոնում նախատեսվում են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները հայ համայնքի հետ:

«Հույս ունենք, որ նախագահը ժամանակ կունենա նաեւ զգալու, թե ինչով է ապրում Բոստոնի հայ համայնքը», - նշում է դեսպան Հովհաննիսյանը:

ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակի՝ Արեւելյան շրջանի խորհրդի անդամ Սթիվեն Մեսրոպյանի խոսքով, Բոստոնի հայ համայնքը անհամբեր սպասում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Հարցերից մեկը, որը մենք ակնկալում ենք քննարկել նրա հետ, վերաբերում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը եւ այդ ուղղությամբ մեր ջանքերի համակարգմանը», - նշում է Մեսրոպյանը:

Այցի երկրորդ մասը շարունակվելու է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում:

Վաշինգտոնում Սերժ Սարգսյանը մասնակցելու է նախագահ Օբամայի կողմից հյուրընկալվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցելու են ավելի քան 50 պետությունների առաջնորդներ, քննարկվելու է միջուկային ահաբեկչության վտանգի կանխման եւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառությունն արգելակելու խնդիրները: Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել նաեւ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ չի նախատեսվում, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ակնկալում է հանդիպել Վաշինգտոնում երկու նախագահների հետ առանձին.

«Հուսով եմ հանդիպել երկու կողմերի հետ այստեղ Վաշինգտոնում, Ղարաբաղյան խնդրի մասին խոսելու եւ հետագա քայլերը քննարկելու նպատակով»:

Վերլուծաբանների խոսքով, նախագահ Սարգսյանի այցը նոր հեռանկարներ կբացի ինչպես հայ-ամերիկյան պետական հարաբերություններում, այնպես էլ՝ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ հետագա մերձեցման համար:

XS
SM
MD
LG