Ազատություն Ռադիոկայան
«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը։
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, այդ ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունեցող «Ամաք» ինտերնետային կայքը երեկ երեկոյան հաղորդել է, թե «Իսլամական պետության» գրոհայինները կրակ են բացել Բրյուսելի օդանավակայանում և նրանցից մի քանիսը պայթեցրել են մահաբեր գոտիները։ Ինքնասպան մեկ այլ ահաբեկիչ պայթյուն է իրականացրել Բրյուսելի մետրոյի կայարանում։
Այս հարձակումները, ըստ կայքի հաղորդագրության, պատասխան են Բելգիային՝ միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետության» դեմ պայքարելու դիմաց։
«Ռոյթերս»-ը, վկայակոչելով բելգիական լրատվամիջոցները, երեկ երեկոյան հաղորդեց, թե ոստիկանությունը փնտրում է հարձակվողներից մեկին, ով ենթադրաբար ողջ է մնացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանում հայտնաբերվել է երրորդ չպայթած ռումբը, որն անվտանգության ուժերը վնասազերծել են։
Բելգիական մամուլը տպագրել է օդանավակայանի տեսախցիկների արձանագրած երեք երիտասարդների լուսանկարները, որոնք կասկածվում են այդ հարձակումները իրականացնելու մեջ։ Ենթադրվում է, որ նրանցից երկուսն իրենց պայթեցրել են, իսկ երրորդը որոնվում է։
Բելգիայի Հանրային հեռուստաընկերությունը երեկ երեկոյան հաղորդել է, որ ոստիկանությունը Բրյուսելում խուզարկություններ է անցկացնում։
Մարտի 22-ի առավոտյան ահաբեկչական հարձակումների արդյունքում Բրյուսելում առնվազն 34 մարդ է զոհվել, մոտավորապես 180-ը՝ վիրավորվել։
Օդանավակայանում, ականատեսների պատմելով, սկզբում կրակոցներ են լսվել, իսկ հետո երկու պայթյուն է որոտացել։
Օդանավակայանի գործադիր տնօրենը հայտարարել է, որ Բրյուսելի օդանավակայանն այսօր փակ է մնալու։
Մետրոյում իրականացված պայթյունից ավելի շատ մարդ է զոհվել երեկվա հարձակման արդյունքում. առնվազն 20-ը զոհվել են մետրոյի «Մալբեկ» կայարանում։
Եվրոպական կառույցներին մոտ գտնվող այս կայարանը առավոտյան ժամերին սովորաբար մարդաշատ է լինում։
Պայթյուններից հետո Բրյուսելում չէր աշխատում մետրոն, վերգետնյա տրանսպորտը, փակ էին խանութները, հանրային հաստատությունները և մասնավոր ընկերությունները։