Մատչելի հղումներ

Օբամա. «Ժողովրդավարությունն այլընտրանք չունի»


Օբամայի խոսքով, ժողովրդավարությունը ծանր եւ բարդ գործընթաց է, որը սակայն այլընտրանք չունի

Ո՞րն է ժողովրդավարության դերը մեր օրերում եւ ինչո՞ւ գլոբալ աշխարհում բաց հասարակությունն այլընտրանք չունի: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կուբայում իր պատմական այցի վերջին օրը ծրագրային ելույթով է հանդես եկել, որում բաց եւ անկեղծ ներկայացրել է ժողովրդավարական աշխարհի բացթողումները, բայց նաեւ՝ հսկայական ձեռքբերումները:

«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր անձ պետք է հավասար լինի օրենքի առջեւ, յուրաքանչյուր երեխա պետք է կրթություն, բժշկական ծառայություն, լիարժեք սնունդ եւ օթեւան ստանա, յուրաքանչյուր քաղաքացի՝ ազատ արտահայտի իր կարծիքը», - ասել է Օբաման:

Օբամայի խոսքով, ամերիկյան ժողովրդավարության բացթողումները քիչ չեն, սակայն հենց ժողովրդավարությունն ու բաց հասարակությունը թույլ են տալիս քաղաքացիներին հաղթահարել բացթողումները.

«Ամերիկյան քաղաքականության մեջ մեծ դեր են խաղում դրամական միջոցները, սակայն հենց Ամերիկայում հնարավոր է, որ ինձ նման մեկը, ոչ հարուստ, առանց հայր մեծացած, տարբեր ռասաների ժառանգըհասնի աշխարհի ամենաբարձր աթոռին։ Հենց դա է հնարավոր Ամերիկայում»:

Բարաք Օբաման հիշեցրել է, որ ներկա հզորությանն ու ժողովրդավարության մակարդակին հասնելու համար Միացյալ Նահանգները բարդ ճանապարհ է անցել.

«1959-ին, երբ հայրս Ամերիկա էր տեղափոխվել, նահանգներից շատերում օրենքով արգելվում էր սեւամորթ տղամարդու ամուսնությունը սպիտակ կնոջ՝ մորս հետ: Երբ ես առաջին դասարան մտա, Ամերիկայում դեռեւս դպրոցները կազմակերպված էին ըստ մաշկի գույնի»:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, հենց ժողովրդավարությունն էր, որ թույլ տվեց քաղաքացիներին, ովքեր համաձայն չէին երկրում առկա օրենքների հետ, ճնշում գործադրել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա՝ ստիպելով նրանց փոխել օրենքները:

Ժողովրդավարությունը, Օբամայի խոսքով, ծանր եւ բարդ գործընթաց է: Բարաք Օբաման ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում ոչ թե որովհետեւ Միացյալ Նահանգները կատարյալ է, այլ, ընդհակառակը, որովհետեւ այն անկատար է եւ հենց ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է տալիս անկատար հասարակությանն աճել ու կատարելագործվել.

«Ժողովրդավարությունն անհատին հնարավորություն է տալիս փոփոխություն կատարել, նորարար դառնալ, վերանայել հասարակության կազմակերպման ձեւերն ու լավացնել այն»:

Օբամայի խոսքով, առանց ժողովրդավարական արժեքների, հասարակությունը դադարեցնում է զարգացումն ու կորցնում հույսը ապագայի նկատմամբ:

XS
SM
MD
LG