Մատչելի հղումներ

Քրդերը նշում են Նովրուզի տոնը Դիարբեքիրում


Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երկուշաբթի օրը հազարավոր քրդեր մասնակցում էին Նեւրուզի տոնի հետ կապված տոնախմբությանը։ Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերի ու քուրդ անջատողականների միջեւ շարունակվող բախումների պատճառով, միջոցառումներն անց էին կացվում անվտանգության ուժերի խիստ վերահսկողության ներքո։

Միջոցառումներին մասնակցող քրդերի մեծամասնությունը, ըստ "Ռոյթերս" լրատվական գործակալության հաղորդման, Քրդական աշխատավորական կուսակցության՝ ՊեԿաԿա-ի աջակիցներ են, որոնք հավաքների ու երթերի ընթացքում ծածանում էին այս կուսակցության դրոշները ու վեր բարձրացնում գերության մեջ գտնվող իրենց առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի լուսանկարով պաստառներ։ Հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին ՝՝Մենք կհաղթենք մեր պայքարի միջոցով՛՛, ՝՝Կեցցե Օջալանը՛՛, ՝՝ՊեԿաԿա-ն ժողովուրդն է, ՊեԿաԿա-ն այստեղ է՛՛ կոչերը։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, հավաքվածների առջեւ ելույթ ունենալով, հայտարարել է, թե զինված հակամարտությունը բնականոն իրադրություն չէ։

՝՝Պատերազմը, բախումներն ու մահը բնական իրադրություն չեն, որոնց մենք պետք է ընտելանանք։ Մենք պիտի պնդենք խնդիրները խաղաղ եղանակով լուծելու կարեւորությունը՛՛, ասել է նա:

Անցյալ տարի նույն փառատոնի կապակցությամբ քրդերին հղված ուղերձում Օջալանը կոչ էր արել ՊեԿաԿա-ին զենքը վայր դնելու նպատակով հրավիրել համագումար։ Սակայն դրանից ոչ շատ չանցած, երկուսուկես տարի տեւած հրադադարն ընդհատվել էր, խաղաղության բանակցությունները՝ մտել փակուղի, որից հետո բախումները դարձան ավելի թեժ, քան 199Օ-ականներին։

Թուրքիայի իշխանությունները Նովրուզի անցկացման նպատակով երկուշաբթի օրը հանել էին պարետային ժամը, որն ուժի մեջ էր մտել Ստամբուլում ու Անկարայում այս տարվա ընթացքում իրականացված ահաբեկչական մի քանի հարձակումներից հետո, որոնց արդյունքում 8Օ մարդ էր սպանվել։

Ինքնավարության հասնելու նպատակով 1984 թվականից Քրդական աշխատավորական կուսակցության կողմից սկսված զինված բախումների արդյունքում մինչ այժմ 4Օ հազար թուրք ու քուրդ է սպանվել։

Առանց մեկնաբանելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ասենք, որ նույն օրը նա ասել է, թե իր երկիրը կիրառելու է ռազմական ու հետախուզական իր բոլոր կարողությունները՝ ահաբեկչական գործողությունների դեմ պայքարելու համար, ու ավելացրել, թե քրդական ՊեԿաԿա-ն սերտորեն համագործակցում է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման հետ։

XS
SM
MD
LG