Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց քրիստոնյաների դեմ Դաեշի գործողությունները «ցեղասպանություն» որակելու մասին որոշում


Երկուշաբթի օրը Ներկայացուցիչների պալատը Դաեշի կողմից Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ հալածանքը միաձայն քվեարկությամբ անվանեց «ցեղասպանություն»: Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դեռևս խուսափում է այս եզրն օգտագործելուց:

Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ Դաեշի հալածանքները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը «ցեղասպանություն» է որակել: Բանաձևին կողմ է քվեարկել 393 կոնգրեսական: Որոշումն ընդունվել է միաձայն: Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դեռևս խուսափում է այս տերմինն օգտագործելուց:

U.S. Secretary of State John Kerry
U.S. Secretary of State John Kerry

«Կոլումբոսի ասպետներ» աշխարհի մեծագույն Կաթոլիկ եղբայրության ծառայությունը և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ շահութաբեր կազմակերպությունը 2080 էջանոց զեկույց են պատրաստել Մերձավոր Արևելքում Դաեշի կողմից ցեղասպանության ենթարկվող քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ: Այս զեկույցը կազմվել է պետքարտուղար Ջոն Քերրիի պատվերով:

«Կոլումբոսի ասպետներ» կազմակերպության գործադիր տնօրեն Քարլ Անդերսոնի խոսքերով, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների հետ կատարվողը կարելի է միայն «ցեղասպանություն» որակել:

Նրա խոսքերով,- «Ոմանք պնդում են, որ քրիստոնյաները պետք է դուրս մնան Ցեղասպանության հռչակագրից այն պատճառով, թե Դաեշը ենթադրաբար քրիստոնյաներին թույլատրում է Ջիզրա վճարել: Դա հարկ է, որը քրիստոնյաները պատմականորեն վճարել են մահմեդական տարածքներում բնակվելու համար: Սակայն այս տեսությունը հիմք չունի, քանի որ Դաեշին վստահել չի կարելի պատմականորեն ընդունված Ջիզրային հետևելու մեջ»:

Քարլ Անդերսոնը նշում է նաև, որ Նինվեում Դաեշը Ջիզրայի հարկահավաքի պատրվակով քրիստոնյաների հավաք է կազմակերպել, նպատակ ունենալով սպանել, առևանգել և բռնաբարել քրիստոնյաներին:

Հուդսոնի համալսարանի Կրոնի ազատության կենտրոնի տնօրեն Նինա Շիան անդրադառնում է Սիրիայի հայ փախստականներին:

Նա ասում է,-«Իմ տվյալներով, արդեն 20,000 հայեր լքել են Սիրիան և տեղափոխվել Հայաստան: Ոչ ոք չգիտի, թե քանի հայ ընտանիք է դեռևս Սիրիայում մնացել։ Երկրի կեսը տեղահանված է։Բավարար տեղեկություն չունենք»:

Նինա Շիայի խոսքերով, հալածանք բառը իրավական բառ չէ, այն ոչ մի ուժ չի կրում: Սակայն «ցեղասպանություն» բառը իր հետ բերում է օրինական հետևանքներ։ Աշխարհում տարբեր երկրներ ստիպված կլինեն որևէ բան ձեռնարկել: Ձեռնակրվող գործողությունները ոչ միայն ռազմական կարող են լինել, այլ նաև մարդասիրական:

Նրա խոսքերով,- «Այժմ ՄԱԿ-ը փոքրաթիվ քրիստոնյաներ է Իրաքից և Սիրիայից տեղափոխում արևմուտք: Հուսով եմ, որ ՝՝ցեղասպանություն՛՛ բառը ընդունելուց հետո, քրիստոնյաներին պատշաճ օգնություն կցուցաբերվի»:

Էրբիլի քահանա Դուգլաս Ալ-Բազին էլ պատմում է իր առևանգման և տանջանքների մասին՝ քաջալերելով իրողություններն իրենց անուններով կոչել:

US State Department seal
US State Department seal

«Իմ առևանգումից ինը օր հետո նրանք մուրճով կոտրեցին ատամներս, քիթս և մեջքս: Ամեն օր նայում եմ իմ արյանը և սարսուռ ապրում, որ մինչ օրս նման բաներ են պատահում ժողովրդիս հետ: Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ իմ մարդիկ և ես մեզ մոռացված ենք զգում: Ես ԱՄՆ-ին խնդրում եմ սա անվանել «ցեղասպանություն» Եթե մենք դա այդպես չենք անում, ապա թաքցնում ենք ճշմարտությունը»:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը՝ Պետդեպարտամենտը մինչև հինգշաբթի օրը, նախագահ Օբամայի անունից պետք է որոշում կայացնի, թե արդյոք ընդունում է Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը։ Սակայն պետքարտուղար Ջոն Քերրին կարող է բաց թողնել այդ օրը, քանի որ փորձում է այն հետաձգել քաղաքական դրդապատճառներով։ Սպիտակ տունը խուսափում է այս եզրն օգտագործելուց՝ ակնարկելով դրա իրավական սահմանումներն ու հետևանքները։

XS
SM
MD
LG