Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը աջակցություն է հայտնել «Apple» ընկերությանը


«Apple» ընկերության եւ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջեւ հակամարտությունը շարունակվում է
«Apple» ընկերության եւ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջեւ հակամարտությունը շարունակվում է

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ «Apple» ընկերության միջեւ հակամարտության ընթացքում «Apple»-ն աջակցություն է ստանում ամենաանսպասելի տեղերից: Հիշեցնենք, որ իրավապահներն «Apple»-ից պահանջում են ծրագիր գրել, որը թույլ կտար «կոտրել» Սան Բերնարդինոյում 14 հոգի գնդակահարած ահաբեկիչ Սայիդ Ֆարուքի «I-Phone»-ը: Ի պատասխան, «Apple» ընկերությունը հայտարարում է, որ դա կվտանգերմարդկանց անձնական գաղտնիության անձեռնամխելիությունը:

Առաջինն «Apple»-ին աջակցություն հայտնեցին բարձր տեխնոլոգիաներով զբաղվող «Google», «Facebook», «Microsoft» եւ «Yahoo» ընկերությունները, որոնք այս շաբաթ նաեւ իրավաբանական հայց են ներկայացրել՝ ի պաշտպանություն «Apple»-ի:

Ուրբաթ օրը մասնավոր ընկերության եւ Դաշնային բյուրոյի միջեւ հակամարտությանը որոշեց միջամտել ՄԱԿ-ը: Այս կազմակերպության՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին հայտարարել է, որ «I-Phone»-ի պաշտպանությունը շրջանցող ծրագիրը կարող է «Պանդորայի արկղ» բացել՝ վտանգելով մարդու իրավունքների ոլորտը.

«ԱՄՆ-ում «Apple»-ի պարտությունը թույլ չի տա «Apple»-ին եւ այլ ընկերությունների պաշտպանել իրենց օգտատերերի իրավունքները այլ երկրներում: Դա ուղղակի նվեր կլինի ավտորիտար վարչակարգերին, թույլ տալով դրանց հալածել թաքնվող իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական հակառակորդներին», - ասել է ալ-Հուսեյնին:

Խնդիրը սակայն բավականին վիճելի է մնում, եւ հենց ամերիկյան հասարակության մեջ դրա շուրջ քննարկումները շարունակվում են: Այսպես, հասարակության մի զգալի մասի կարծիքով, անձնական տվյալների անձեռնմխելիությունը եզակի դեպքերում կարելի է զիջել, եթե այն կարող է փրկել մարդկային կյանք, թույլ կտա կանխել նոր ահաբեկչություններ, կամ էլ հայտնաբերել երեխաներին թմրանյութեր վաճառող հանցագործների:

Ելույթ ունենալով լսումների ընթացքում՝ Մանհեթենի դատախազ Սայրուս Վանսն ընդգծել է, որ օրինախախտներն օգտվում են տրված անպատժելիությունից.

«Հանցագործներն ուղղակի ծաղրում են մեզ եւ ապշած են, որ իրենց ձեռքն են հանձնել կառավարության համար անհասանելի կատարյալ կապի միջոց», - նշել է Վանսը:

Դաշնային բյուրոյին աջակցում են նաեւ Սան Բերնարդինոյում գնդակահարված զոհերի հարազատները, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչն է իրականում դրդել Ֆարուքին ահաբեկչությանը: Անկախ վերջնական վճռից, մասնագետների կարծիքով, այս գործը թույլ կտա պարզել, թե մեր օրերում որտեղ է գտնվում անձնական կյանքի անձեռնամխելիության եւ հասարակական անվտանգության պաշտպանությանմիջեւ սահմանը:

XS
SM
MD
LG