Մատչելի հղումներ

Կոնգրեսական. Հայկական լոբբին կապ չունի Ադրբեջանից Վաշինգտոնի պահանջների հետ


ԱՄՆ-ի Կոնգրեսում անցել է Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպված լսումները
ԱՄՆ-ի Կոնգրեսում անցել է Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպված լսումները

ԱՄՆ-ի կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով, հայկական լոբբին որեւէ կապ չունի Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության Վաշինգտոնի պահանջի հետ:

Կոնգրեսականը երկու ամիս առաջ «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» կոչվող օրինագիծ է հեղինակել, որը պատժամիջոցներ է նախատեսում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների դեմ խախտումներ գործած ադրբեջանցի պաշտոնյաների դեմ: Ելույթ ունենալով Կոնգրեսում ստեղծված իրավապաշտպան Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Քրիս Սմիթը նշել է, թե անհրաժեշտ է, որ Բաքուն հարգի մարդու իրավունքները եւ քաղբանտարկյալներին ազատ արձակի.

«Նրանք հայտարարում են, որ օրինագիծս իբր հայկական լոբբին է հեղինակել: Հայերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել այդ օրինագծի մասին, մինչ դրա հրապարակման օրը»:

Հանձնաժողովի լսումներին ներկա ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերը նշել է, որ ԵԱՀԿ-ը նույնպես պատրաստվում է կոչ անել Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եւ Սիրիայի խաղաղ բնակիչների դեմ ռազմական գործողությունները, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը ԵԱՀԿ-ի տարածքում: Հանձնաժողովի համանախագահ սենատոր Ռոջեր Վիքերը նշել է, որ կազմակերպության տարածքում կոռուպցիան լուրջ խնդիր է մնում.

«Իմ տպավորությամբ, ԵԱՀԿ-ի տարածքում կոռուպցիան վերջին տարիներին ավելանում է»:

Արտգործնախարար Շտայնմայերն, ի պատասխան խոստացել է, որ որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, Գերմանիան նախապատրաստում է պայմաններ ստեղծել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար: Օրինակ բերելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Ուկրաինայի արձանագրած հաջողությունները՝ Ֆրանկ Վալթեր Շտայնմայերն ասել է.

«Ուկրաինայում շատերը համոզված են, որ իրենց սեփական երկրի ներսում կոռուպցիայի դեմ պայքարը հանուն ժողովրդավարության հաստատման պայքար է»:

Նշենք, որ որոշ կոնգրեսականներ չեն կիսում Ադրբեջանի նկատմամբ Քրիս Սմիթի քննադատությունը` կոչ անելով հաշվի առնել ընդհանուր պատկերը: Այսպես` ադրբեջանա-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Սթիվ Քոենը նշում է.

«Ադրբեջանը բարդ տեղում է գտնվում՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ չնայած իր աշխարհագրական դիրքին, այն Միացյալ Նահանգների լավ բարեկամն է»:

Միեւնույն ժամանակ, երբ հարցը վերաբերում է հիմնարար ազատություններին, կոնգրեսականները խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում այլընտրանք չեն տեսնում:

XS
SM
MD
LG