Մատչելի հղումներ

"Apple"-ը ու Հետաքննությունների դաշնային բյուրոն շուտով կներկայանան դատարան


՝՝Մայքրոսոֆթ՛՛ ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ԱՄՆ-ի կառավարության եւ ՝՝Էփըլ՛՛ ընկերության միջեւ առաջ եկած հակասությունների հարցում պաշտպանում է կառավարության դիրքորոշումը։ Հեռախոսի տեղեկությունները կօգնեին նոր մանրամասնություններ ստանալ հարձակման մասնակիցների մասին, սակայն ՝՝Էփըլ՛՛ ընկերությունը շարունակում է հրաժարվել համագործակցությունից։

Ամերիկայում մարդիկ շատ են կարեւորում անձնական գաղտնիության սկզբունքը, այնքան, որ ազգային անվտանգությունը երբեմն ստորադասում են գաղտնիությանը։

՝՝Էփըլ՛՛ ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքի խոսքերով, եթե իր ընկերությունն ընդունի ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջը եւ տա երկու ահաբեկիչների հեռախոսների գաղտնագիրը բացելու հնարավորություն, ընկերության հեռախոսները խոցելի կդառնան հաքերների կողմից։ ՝՝Ֆեյսբուք՛՛-ի հիմնադիր Մարք Զաքերբերգը պաշտպանում է ՝՝Էփըլ՛՛ի դիրքորոշումը։

Ելույթ ունենալով Բարսելոնում ՝ նա ասել է.

՝՝Չեմ կարծում, որ գաղտնագիրը բացելու հանգամանքը ինչ որ արդյունավետ միջոց կլինի անվտանգության համար։ Բացի այդ, այն դեմ է այն սկզբունքներին, որոնց մարդկությունն այսօր մեծ կարեւորություն է տալիս՛՛։

Իսկ ահա ՝՝Մայքրոսոֆթ՛՛ ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ասում է, թե ՝՝Էփըլ՛՛-ն իրականում կարող է բացել իր արտադրած սարքերի, տվյալ դեպքում՝ ահաբեկիչների բջջային հեռախոսի գաղտնագրերը, առանց ՝՝այՖոն՛՛-ի մյուս սարքերում պահվող տեղեկությունները վտանգի տակ դնելու։ "Financial Times" օրաթերթին տված հարցազրույցում Գեյթսն ասել է, թե երկրի կառավարությունը գաղտնիությունն, այսպես ասած, կոտրելու խնդրանքով կարող է դիմել ե՛ւ բանկերին, ե՛ւ հեռախոսային ընկերություններին։

՝՝Եկեք պատկերացնենք, որ մի ինչ որ բանկ ժապավեն է կապել իր սկավառակներից մեկի վրա եւ հայտարարում է, թե ինձ մի ստիպեք կտրել ժապավենը, քանի որ ինձ կարող եք ստիպել դա անել ուրիշ անգամներ եւս։ Ինչեւէ, հարցը շատ պարզ է։ Հարկավոր է պարզել, թե որտեղով է անցնում անվտանգության նպատակներով անձնական գաղտնիության սահմանները բաժանող գիծը՛՛։

Նրա խոսքերով, լինում են դեպեքեր, երբ չի կարելի թույլ տալ, որ կառավարությունը լիովին կույր մարմնի ձեւ ստանա։ Նա հիշեցնում է, որ ԱՄՆ-ի համար կարեւոր ժամանակահատվածներում Հետաքննությունների դաշնային բյուրոն պարբերաբար հավաքել է գաղտնի տեղեկություններ ու դրանք օգտագործել ի նպաստ անվտանգության։

՝՝Հարկավոր է, որ կառավարությունն ու բարձր տեխնոլոգիաների ընկերությունները գտնեն քաղաքացիների անվտանգությունը եւ դրա հետ միաժամանակ՝ նրանց անձնական գաղտնիությունը պաշտպանելու ընդհանուր եզրեր՛՛։

Գեյթսի նման շատերն են ուզում հավատալ, որ Գերագույն դատարանը հարցին կտա ճիշտ ու ընդունելի լուծում։ Դատավարություն, որին հետեւելու են ԱՄՆ-ից դուրս շատ այլ երկրներում եւս, որտեղ առկա են նման հակասություններ, կամ որտեղ ապագայում կարող են հայտնվել նման երկընտրանքի առջեւ։

XS
SM
MD
LG