Մատչելի հղումներ

Ըստ Amnesty International-ի տարեկան զեկույցի, մարդու իրավունքների ոտնահարումները 2015-ին հասել են ահազանգիչ մակարդակի


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր 2015 թվականի տարեկան զեկույցում անդրադարձել է մարդու իրավունքների խնդրին ամբողջ աշխարհում։

Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցի, աշխարհում մարդու իրավունքների խնդիրը սրվել է, քանզի հենց իրավապաշտպան կազմակերպություններն են հայտնվել սպառնալիքի տակ։ Ըստ կազմակերպության տարեկան զեկույցի, շուրջ 113 երկրներում կտրուկ սահմանափակվել են մարդու ազատ ինքնարտահայտման իրավունքն ու մամուլի ազատությունը։ Աշխարհում շուրջ 60 մլն մարդ տեղահանվել է։ 30-ից ավելի երկրներ ստիպել են փախստականներին վերադառնալ վայրեր, որտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ 36 երկրներում զինված խմբեր իրագործել են մարդու իրավունքների ոտնահարումներ։ 122 երկրներում մարդիկ ենթարկվել են խոշտանգումների։ Պատերազմական հանցագործություններ են իրագործվել առնվազն 19 երկրներում։ Շուրջ 55 երկրներում վարել են անարդար դատական հետաքննություններ։ Ըստ կազմակերպության զեկույցի, Սիրիայի պատերազմը շարունակում է մնալ մարդու իրավունքների ոլորտի ամենահրատապ ճգնաժամը։

՛՛Սիրիայում Ռուսաստանի եւ Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող օդային հարվածները թիրախի տակ են առնում խաղաղ բնակչությանը, ինչը կարելի է որակել որպես պատերազմական հանցագործություն՝՝,- նշում է AMNESTY INTERNATIONAL-ի աշխատակից Թիրանա Հասանը։

Թուրքիան արդեն իսկ հանգրվանում է մեկ ու կես միլիոն սիրիացի ներգաղթյալների։

Ըստ AMNESTY INTERNATIONAL կազմակերպության աշխատակից Թիրանա Հասսանի, այժմ Թուրքիայի սահմանին հայտնված հսկայական թվով ներգաղթյալներ հայտնվել են անելանելի իրավիճակում, քանզի երկրի սահմանը Սիրիայի հետ խիստ վերահսկվում է։ Գրանցվել են նաեւ կրակոցնել սահմանը անցնել փորձող փախստականների դեմ։

Amnesty International-ը արձանագրել է նաեւ 2015-ի իրավախախտումները Հայաստանում։

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Հայաստանում անցյալ տարի գրանցված խաղաղ զանգվածային հավաքները պարբերաբար դադարեցվել են ոստիկանության միջամտությամբ, իսկ բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ կասկածելի մեղադրանքներով։

Զեկույցը անդրադառնում է նաեւ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցնում է խորհրդարանականի՝ արձանագրելով նախագահի` պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո իշխանության գլխին մնալու վերաբերյալ ընդդիմության մտահոգությունները։ Զեկույցում մատնանշված է սեպտեմբերի 21-ին կառավարությանը քննադատող քաղաքական կազմակերպության անդամին դաժանորեն ծեծի ենթարկելու փաստը։

Զեկույզը անդրադառնում է նաեւ Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդրին, ինչը, ըստ Amnesty International կազմակերպության ամենամյա զեկույցի, մեծ մտահոգության առիթ է հանդիսանում։

XS
SM
MD
LG