Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մասնակցությունը Մերձավոր Արեւելքում կարեւոր է Հայաստանի նման պետությունների շահերը պաշտպանելու համար


Տարածաշրջանային տերությունները չեն հարգում փոքր պետությունների շահերը:
Տարածաշրջանային տերությունները չեն հարգում փոքր պետությունների շահերը:

Ռուս-թուրքական լարվածությունը Սառը պատերազմից ի վեր Հարավային Կովկասի խոշորագույն եւ ամենավտանգավոր իրադարձություններից մեկն է, կարծում է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը:

«Վաշինգտոնն այսօր կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա: Նման վտանգավոր իրավիճակ դժվար էր պատկերացնել, քանի որ երկու հզոր ուժ, Թուրքիան ու Ռուսաստանը, մնում են դեմ առ դեմ», - նշում է վերլուծաբանը:

«Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինի կարծիքով, այս պայմաններում իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ՝ Թուրքիայի համար.

«Երբ փորձում ես մտաբերել այն բոլոր վայրերը, որոնք Էրդողանը կամ Դավութօղլուն չեն կարող այցելել, ասենք, Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Ռուսաստանը՝ չի թվում, թե նրանց հայտարարված «ոչ մի խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունն իրոք հաջողվել է», - նշում է Ռուբինը:

Վերլուծաբանների խոսքով, միեւնույն ժամանակ, ռուս-թուրքական հակամարտությունը կարող է սառը պատերազմի վերածվել, քանի որ Վլադիմիր Պուտինը փորձում է իր շախմատային խաղն առաջ տանել՝ ուշադրություն չդարձնելով Հարավային Կովկասի երկրների վրա:

«Այդ սառը պատերազմի շունչն ամենից շատ զգացվում է ոչ թե Անկարայում կամ Մոսկվայում, այլ՝ Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում», - նշում է Ուոքերը:

Ջոշուա Ուոքերը նշում է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում են ճիշտ կողմնորոշվել:

«Նրանք հաշվարկված եւ ճիշտ են գործում, փորձելով կանխագուշակել ապագա զարգացումները, սակայն, փոքր երկրների խնդիրն այն է, որ նրանք չնայած կարող են ճիշտ ընտրություն կատարել, սակայն հզոր դերակատարի կողմից մանր որեւէ փոփոխություն կարող է ոչնչացնել նրանց բոլոր հաշվարկները: Հենց ներկա անորոշությունն է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անհանգստության պատճառը», - նշում է Ուոքերը:

Վերլուծաբանի խոսքով, այս պայմաններում գործընթացներում կարեւորագույն կայունացնող դեր կարող է խաղալ գլոբալ գերտերության՝ Միացյալ Նահանգների միջամտությունը, որը կսառեցնի հակամարտող կողմերը եւ կապահովի փոքր պետությունների իրավունքները:

«Առանց ԱՄՆ-ի էական ներկայության, աշխարհի այս շրջանում իրավիճակը մնում է Ռուսաստանի ձեռքում, ինչը չափազանց վտանգավոր է, քանի որ տարածաշրջանային տերությունները փոքր դերակատարների նկատմամբ հարգանք չունեն», - ավելացնում է Ուոքերը:

XS
SM
MD
LG