Մատչելի հղումներ

Պետքարտուղար Քերրին Ռուսաստանի հետ դրական համագործակցության մասին է պատմել


Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացրել է արտաքին քաղաքականության օրակարգը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացրել է արտաքին քաղաքականության օրակարգը:

Չնայած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ եղած մի շարք արմատական տարաձայնությունների, Միացյալ Նահանգները գնահատում է Ռուսաստանի հետ դրական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին:

«Իրականում, առանց Ռուսաստանի համագործակցության մեզ չէր հաջողվի Սիրիայի շուրջ ներկա համաձայնագրին հասնել, որը գոնե ապահովում է զինադադարը եւ երաշխավորում մարդասիրական օգնության առաքումը», - նշել է Քերրին:

Սենատում, սակայն, բոլորը չէին լավատեսորեն տրամադրված Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարի նկատմամբ: Մասնավորապես, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը հիշատակել է Ուկրաինայի պետականության դեմ ուղղված Ռուսաստանի գործողությունները, ինչպես նաեւ Բալթյան երկրների անվտանգությունը խոչընդոտող քայլերը եւ գործողությունները Սիրիայում:

«Բավականին սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար նրանց բավականին շատ բան է հաջողվել անել՝ Եվրոպան կիսելու ուղղությամբ», - նշել է սենատոր Քորքերը:

Պետքարտուղար Քերրին, սակայն, լավատես էր մնում, պնդելով, որ ահաբեկչության դեմ պայքարն ի վերջո բոլորին է միավորում.

«Ահաբեկիչները սպառնում են նաեւ նրանց: Սիրիայում է գտնվում երկուսից երկուս եւ կես հազար չեչեն, ովքեր մարտական գործողությունների են մասնակցում եւ ռուսները լուրջ անհանգստացած են, որ այդ մարդիկ կարող են Ռուսաստան վերադառնալ եւ իրարանցում առաջացնել»:

Միացյալ Նահանգները մնում է նաեւ սիրիացի փախստականներին խոշորագույն օգնություն հատկացնող երկիրը: Պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնն ու Մոսկվան նույն ապագան են տեսնում Սիրիայի համար, տարաձայնության առարկան այդ ապագային հասնելու միջոցներն են:

Խոսելով սեփական երկրի ապագայի մասին, պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների բնակչությունը վաղվա օրվա մեջ վստահության բազմաթիվ պատճառներ ունի:

«Վերջին տարիներին մեր տնտեսությունն ավելի շատ աշխատատեղեր է ստեղծել, քան մնացած զարգացած աշխարհի երկրներն ամբողջությամբ, իսկ մեր զինված ուժերի հզորության հետ ոչ ոք չի կարող համեմատվել», - նշել է նա:

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները շարունակելու է ներգրավված մնալ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում՝ փորձելով վերջ տալ մարդկանց կյանքեր ոչնչացնող ահաբեկչությանը կամ երիտասարդների ապագան գողացող կոռուպցիային:

XS
SM
MD
LG