Դաեշ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են ոչ միայն չափահաս զինվորներ, այլ նաև՝ ութից տասնութ տարեկան երեխաներ: Ամերիկյան «Ջորջիա Սթեյթ» համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ խմբավորման կողմից երեխաները օգտագործվում են ոչ միայն հատուկ գործողությունների ժամանակ, այլ պարզապես որպես շարքային զինվորներ:
Դաեշի քարոզչական տեսանյութերում ասվում է, որ նախորդ տարի զոհվել է ութից տասնութ տարեկան 89 զինվոր: Ուեսթ Փոինթում գտնվող ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան կենտրոնի տվյալներով, 2015 թվականին Դաեշի խմբավորման անդամ երեխաների 39-ը տոկոսը մահացել է ավտոմեքենաներում ինքնասպան ռումբեր պայթեցնելով, իսկ 33 տոկոսը՝ մարտի դաշտում:
Չնայած, որ Դաեշը քարոզչական տեսանյութերում չի պարզաբանում սպանված երեխաների տարիքն ու ռասայական պատկանելությունը, հետազոտության տվյալներով, սպանված երեխաների 60 տոկոսը տասներկուսից տասնվեց տարեկան են, 6 տոկոսը՝ ութից տասներկու:
Երեխաների 18 տոկոսը զոհ է գնացել այնպիսի հարձակումների ժամանակ, երբ նրանք փրկվելու ոչ մի միտում չեն ունեցել: Այս մահապարտ երեխաներին սովորեցնում են դուրս գալ մարտի դաշտ և կրակել հակառակորդի ուղղությամբ՝ մինչև իրենց սպանելը:
Ըստ հետազոտության արդյունքների, երեխաների մահվան դեպքերի կեսից ավելին եղել են Իրաքում, սակայն սպանվածների մեծ մասը եղել են սիրիացիներ: Սա նշանակում է, որ Դաեշը երեխաներին նախապատրաստում է Սիրիայում, այնուհետև՝ տեղափոխում Իրաք:
Սպանված երեխաների մի մասը Եմենից են, Սաուդյան Արաբիայից, Թունիսից և Լիբիայից։ Նրանց շարքում եղել են նաև փոքր թվով երեխաներ Միացթալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Ավստրալիայից ու Նիգերիայից:
Հետազոտության համահեղինակներից Չարլի Վինթերի կարծիքով, Դաեշի դեմ ռազմական ճնշման մեծացման հետևանքով, նրանց կողմից երեխաների օգտագործման թիվը կշարունակի աճել: